ԴԴիանա Գասպարյան

ԱՀԿ-ն կաջակցի աղի, շաքարի և տրանսճարպերի կարգավորման քաղաքականության մշակմանը Հայաստանում

ԱՀԿ-ն կաջակցի աղի, շաքարի և տրանսճարպերի կարգավորման քաղաքականության մշակմանը Հայաստանում

ՄԱԿ-ի գրասենյակում կայացել է Հայաստանում կատարված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքներում սննդի միջավայրի վերաբերյալ FEEDcities նախագծի արդյունքների ներկայացումը, որն իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Միջոցառմանը ներկա է եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան, ՄԱԿ-ի գործակալություններից և շահագրգիռ կառույցներից ներկայացուցիչներ, տարբեր երկրների դեսպաններ։

 

Ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատելու պատրաստի սննդի մեջ աղի, շաքարի և տրանսճարպերի պարունակությունը՝ Երևանում գործող արագ սննդի կետերում և սուպերմարկետներում։

 

Արդյունքները ցույց են տվել, որ թեև առանձին սննդատեսակներում այդ բաղադրիչների մակարդակները հիմնականում չեն գերազանցում ԱՀԿ-ի սահմանած չափաբաժինը, դրանց կուտակային օրական օգտագործումը կարող է հանգեցնել զգալի գերազանցման՝ հատկապես աղի և շաքարի պարագայում։

 

«Առողջ ապրելակերպի խթանումը կառավարության և նախարարության կարևոր առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում, այժմ մեր ուշադրության կենտրոնում է առողջ սնուցման մշակույթի զարգացումը: Ուրախ եմ, որ այս հետազոտության արդյունքները կօգնեն մեր քաղաքացիներին կատարել ավելի իրազեկ ընտրություն՝ հասկանալու, թե որ մթերքն է ցանկալի ներառել սննդակարգում, իսկ որը՝ սահմանափակել»,- նշել է Լենա Նանուշյանը` ընդգծելով պետական կառույցների միջև համագործակցության և քաղաքացիների իրազեկվածության բարձրացման կարևորությունը:

 

Սիդարթա Դատտան ընդգծել է, որ ԱՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը առողջապահության նախարարության և այլ գործընկեր կառույցների հետ՝ ուղղված Հայաստանում տրանսճարպերի, աղի և շաքարի կարգավորման արդյունավետ քաղաքականության մշակմանը:

 

Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները՝ մասնակիցները ընդգծել են ապացույցների վրա հիմնված առողջ սնուցմանն ուղղված քաղաքականության մշակման կարևորությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում