ՀՀայկ Նավասարդյան

Կիբեռանվտանգության ոլորտում արդյունավետ քաղաքականությունների ներդրումն օրեցօր ավելի կարևոր է. ԲՏԱ նախարար

Կիբեռանվտանգության ոլորտում արդյունավետ քաղաքականությունների ներդրումն օրեցօր ավելի կարևոր է. ԲՏԱ նախարար

Հոկտեմբերի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «ԿիբեռԱմիս 2025»-ի շրջանակում անցկացվող ITU միջազգային կիբեռզորավարժություն 2025 միջոցառման բացման արարողությունը։

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ կիբեռանվտանգությունն այսօր դարձել է ազգային անվտանգության, հանրային վստահության և թվային կառավարման հիմնաքարը։

«Կիբեռանվտանգության ոլորտում արդյունավետ քաղաքականությունների ներդրումն օրեցօր ավելի կարևոր է՝ հաշվի առնելով գլոբալ մակարդակով զարգացող և ընդլայնվող կիբեռսպառնալիքները։ Սա պահանջում է հստակ և նպատակային քայլեր, որոնք Կառավարությունը ձեռնարկում է՝ համագործակցելով մասնավոր հատվածի, ոլորտային մասնագետների և միջազգային գործընկերների հետ»,- ասել է նա։

Իր խոսքում նախարարը ներկայացրել է Կառավարության նախաձեռնած ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները, որոնք ուղղված են պետական և մասնավոր կառույցների միջև հստակ համակարգված պատասխանատվության, անվտանգության միասնական ստանդարտների և արձագանքման մեխանիզմների ձևավորմանը՝ ապահովելով կիբեռանվտանգության արդյունավետ և համակարգված կառավարում։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը ձգտում է լինել բաց և գործընկերային համակարգի մաս, որտեղ տեղեկատվության փոխանակումը, սպառնալիքների գնահատումը և համատեղ արձագանքման վարժանքները նպաստում են համընդհանուր դիմակայունությանը։ Ամփոփելով ելույթը՝ նախարար Հայրապետյանը կարևորել է միջազգային գործընկերների, մասնավորապես, ITU-ի և տարածաշրջանային կառույցների հետ համագործակցությունը` կիբեռանվտանգության պատրաստվածության և արձագանքման կարողությունների կատարելագործման տեսանկյունից:

ITU միջազգային կիբեռզորավարժություն 2025-ն ազգային իրազեկման և կարողությունների զարգացման համապարփակ արշավ է, որն ուղղված է միջազգային կիբեռանվտանգության ոլորտում աշխատող մասնագիտացված թիմերի և ազգային կառույցների համագործակցության խորացմանը։ Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը, որի ընթացքում մասնակիցները կկիսվեն իրենց փորձով, կներկայացնեն կիբեռմիջադեպերին արդյունավետ արձագանքման փորձառություններ և կստեղծեն երկարատև գործընկերություն՝ ձևավորելով թվային անվտանգության նոր մակարդակ։

Միջոցառման շրջանակում նախատեսվում են ինտերակտիվ ձևաչափով վարժանքներ, սցենարային վերլուծություններ և գործնական ուսուցումներ, որոնք ուղղված են կիբեռսպառնալիքներին համակարգված և արագ արձագանքելու հմտությունների զարգացմանը։

Հիշեցնենք, որ «ԿիբեռԱմիս 2025»-ը և դրա շրջանակում անցկացվող միջոցառումների շարքն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) համատեղ նախաձեռնությամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է բարձրացնել Հայաստանի կիբեռանվտանգության պատրաստվածությունն ու իրազեկվածությունը, ինչպես նաև աջակցել «Կիբեռանվտանգության մասին» օրենքի առաջիկա նախաձեռնություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում