Նախօրեին Կոբախիձեն Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասանատու էր համարել ԵՄ դեսպանին՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցելու համար:
«Եվրամիությունը կտրականապես մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ դերի վերաբերյալ ապատեղեկատվությունըև դատապարտում է Վրաստանում ԵՄ դեսպանի դեմ անձնական հարձակումները»,- ասված է փաստաթղթում:
Կալասը հավելել է, որ ԵՄ-ն կոչ է անում հանգստություն և զսպվածություն դրսևորել հետընտրական շրջանում և կոչ է անում Վրաստանի իշխանություններին «հարգել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատության իրավունքը»։
«Մեծաթիվ մարդիկ մշտապես բողոքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության ռեպրեսիվ քաղաքականության դեմ։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է ընդդիմադիր 5 գործչի ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են պետական հեղաշրջման ու իշխանության տապալման կոչերի համար: Նախարարության տվյալով՝ ձերբակալվածներն են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն: Վրաստանի ՆԳՆ-ի հաղորագրության մեջ նշվում է, որ նրանց կարող է սպառնալ մինչև 9 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում ընդդիմադիրների միտինգն սկսվել էր շաբաթ երեկոյան՝ Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրության օրը:
Ընտրապայքարին մասնակցել է 12 կուսակցություն` 7 հազարից ավելի թեկնածուով: Ընդդիմադիր 8 կուսակցություն բոյկոտել է ընտրությունը:
Սկզբում ցուցարարները հավաքվել են Ազատության հրապարակում, ապա նրանց որոշ մասը շարժվել է դեպի երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու նստավայր:
Իրավապահները Վրաստանի նախագահի նստավայր ներխուժած ակցիայի մասնակիցների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
Երկրի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Վրաստանում առգրավվել են հոկտեմբերի 4-ի դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր:
Վրաստանի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հայտնել էր՝ բողոքի ակցիաների 6 մասնակից և իրավապահ մարմինների 21 աշխատակից է տուժել անկարգությունների հետևանքով:










