ԳԳոհար Սարգսյան

Արդարադատության փոխնախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արդարադատության փոխնախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիր գլխավորած պատվիրակությանը: Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։
 
Երկուստեք բարձր են գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի իրականացման (ֆինանսավորման) մակարդակը և դրա շրջանակում ԱՆ բարեփոխումային օրակարգի գրեթե ողջ սպեկտրի ուղղությամբ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն և այլ ոլորտներում։
 
Հանդիպմանն ընդգծվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ ձևավորված կայուն փոխգործակցությունը: Անդրադարձ է եղել դատական օրենսգրքի, քրեական օրենսդրության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում մշակված օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում 2024 թ. ընթացքում տրամադրված և ընթացքի մեջ գտնվող օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ փորձագիտական կարծիքներին: Հյուրերի խնդրանքով նախարարի տեղակալը վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներին առնչվող որոշ մանրամասներ է փոխանցել՝ համոզմունք հայտնելով, որ ԵԽ անդամ երկրների արբիտրների ներգրավումն այս տարի աշնանն անցկացվելիք հերթական «Արբիտրաժային շաբաթի» աշխատանքներին նոր լիցք կհաղորդի այս ինստիտուտի զարգացմանը:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՄԻԵԴ-ի վճիռներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին:
 
Հանդիպման ավարտին Աննա Կարապետյանը ԵԽ գործընկերներին է փոխանցել նախարարության առաջնահերթությունները ներկայացնող փաստաթուղթ՝ հետագա համագործակցության առարկայական օրակարգեր մշակելու պայմանավորվածությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում