Հայաստանում զանգով արդարադատություն չկա. Սասուն Խաչատրյան

ԿԿարմեն Ղուկասյան

Մենք պատիժ տվող մարմին չենք, մենք քննություն իրականացնող մարմին ենք: Գուցե նաև իմ անձի հետ է կապված, բայց ինձ նման միջնորդություններով չեն դիմել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն երբևէ դիմել են իշխանական պատգամավորների հարազատների գործերով՝ խնդրելով օգնել:

«Ինձ նման միջնորդություններով չեն դիմում»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք գիտե՞ն, որ կմերժվեն, ասաց՝ գիտեն, որ չի անի: 

Խաչատրյանի խոսքով՝ իրենք ամեն օր ստանում են տասնյակ հաղորդումներ:

«Հակակոռուպցիոն կոմիտեում կա երկու ծառայություն՝ քննչական և օպերատիվ-հետախուզական: Երբ քննչական մասով քննիչը բավարար չի գտնում քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմքերը, որոշում է կայացնում, և շատ հաճախ իր նախաձեռնությամբ այդ նյութերն ուղարկում է օպերատիվ ստուգման: Ստուգման արդյունքում, երբ հավաքագրվում են ապացույցները, նոր վարույթ է նախաձեռնվում: Պատկերացրեք՝ մենք ցանկացած դեպքով վարույթ նախաձեռնենք»,- պարզաբանեց Խաչատրյանը՝ ի պատասխան լրագրողների դիտարկման, թե ինչու սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, երբ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում էր, որ ՔՊ-ական պատգամավորի որդու անունից իրեն միջնորդություն են ներկայացրել:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, թե ճնշումներ կան իր նկատմամբ,Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հերքեց, թե Արգիշտի Քյարամյանը նման բան է ասել:

«Դուք բառացի նորից լսեք»,- խորհուրդ տվեց Խաչատրյանը: 

Լրագրողներից մեկի հարցին, թե իրեն քանի անգամ են միջնորդել, Խաչատրյանը տվեց բացասական պատասխան՝ ոչ մի անգամ: 

Հարցին՝ արդյոք Հայաստանում կա զանգով արդարադատություն, տվեց բացասական պատասխան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում մոտ 7 ժամ տևած լսումների ընթացքում կառավարող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին վերաճել էր թեժ բանավեճի:

Խորհրդարանում վիճակը լարվել էր, երբ ամբիոնին էր մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանի ելույթը Քյարամյանն անպատասխան չէր թողել։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում