ԼԼիլիթ Ասատրյան

Կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը. Ավինյան

Կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը. Ավինյան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը: 

2007 թվականից Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող մրցութային ծրագրի նպատակն է ապահովել կրթամշակութային հաստատությունների համաչափ զարգացումը, բարելավել կրթության որակը, բացահայտել ու խրախուսել օժտված և տաղանդավոր երեխաներին, նպաստել երաժշտական ու արվեստի դպրոցների գործունեության արդյունավետությանը:

11 անվանակարգում առաջին տեղում Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցն է, երկրորդը Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն է, երրորդ հորիզոնականում՝ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական, չորրորդ և հինգերորդ տեղերում՝ Հ. Դանիելյանի անվան արվեստի և Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցներն են:

Շնորհավորելով դպրոցներին և շնորհակալություն հայտնելով մանկավարժներին իրենց նվիրված աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ մշակութային նախաձեռնությունները համայնքի կողմից լինելու են շարունակական:

Հոբելյանական տարում բեմում Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաների հավաքական երգչախումբն էր՝ խմբավար Մարիա Գալստյանի ղեկավարությամբ: Պատանիները կատարեցին քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Կոմիտասական» կոթողային խմբերգաշար-սյուիտը:

Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը մշակել, ներդաշնակել և գործիքավորել է Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ շուրջ 30 խմբերգերը, պատրաստել խմբերգաշար-սյուիտ՝ մանկապատանեկան երգչախմբերի համար: Սա առաջին նման փորձն է հայկական խմբերգային արվեստում:

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ պատրաստ է նաև «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտի գիրքը: Շնորհանդեսը երեկոյի ընթացքում էր: Գրքում զետեղված են «Կոմիտասական» խմբերգաշարի կլավիրը, ձայնաբաժինները և պարտիտուրը: Գիրքը նախատեսվում է փոխանցել Հայաստանի և Սփյուռքի հայ գաղթօջախների մանկապատանեկան երգչախմբերին:

«Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է, որի ներկայությունը պիտի ուղեկցի բոլոր սերունդներին, հատկապես՝ մանուկներին ու պատանիներին: 

 
 

«Հենց այս գիտակցումով կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը, որը, վստահաբար, տարածվելու է աշխարհի բոլոր անկյուններում, այն հաստատություններում, որտեղ ապրում և թևածում է հայկական միտքն ու խոսքը, երգն ու երաժշտությունը:

 
 

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը, որի ընթացքում 250 հոգանոց մանկական երգչախումբը կատարեց «Կոմիտասական» կոթողային խմբերգաշարը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Ավինյանը:

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում