ԳԳոհար Սարգսյան

Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ

Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցի՝ տեղում ծանոթանալու նախատեսվող աշխատանքներին: Բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից նախաձեռնվել են Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները: Սահմանված կարգով թե՛ եկեղեցու, թե՛ որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը ներկայացվել են լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը: Այցի շրջանակում տեղում կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են եկեղեցու և որմնանկարի վերականգնման վերաբերյալ առաջացած հարցերը։

Ներկայում հուշարձանում տեղի են ունենում վերականգնման նախապատրաստական աշխատանքներ։ Որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են որմնանկարներ վերականգնող հայ և ռուս փորձառու մասնագետները։ Թալինի Կաթողիկե եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակներն են վերականգնող ճարտարապետներ Հովհաննես Սանամյանը և Անդրանիկ Սարգսյանը, որմնանկարինը՝ ՌԴ մոնումենտալ գեղանկարչության վերականգնող Նիկոլայ Միխայլովը։

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցել է Կամսարական իշխանական տունը 7-րդ դարում:  Ենթադրվում է, որ որմնանկարը ստեղծվել է նույն ժամանակաշրջանում։

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են նաև Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տուն՝ այնտեղ գտնվող «Սասունցիներ» որմնանկարի մշտադիտարկման և այն իտալացի մասնագետների ներկայացրած նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ համեմատելու նպատակով։ Մասնագետները տեղում իրականացրել են որմնանկարի չափագրման և ակնադիտական ուսումնասիրման աշխատանքներ, համայնքի ղեկավարի ու համապատասխան պատասխանատուների հետ քննարկել որմնանկարի հետագա պահպանությանն ուղղված հնարավոր քայլերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում