ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունը

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

 

 

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունը` նկատի ունենալով նաև այն ժողովրդավարական ու իրավունքահենք արժեքները, որոնցով առաջնորդվում է Ֆրանսիան։

 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
 

 

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձել է ընտանեկան, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների կարևորությանը։

 

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

 

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող հարցեր։

 

Անն-Լորանս Պետելն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում