ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով կլոր սեղան-քննարկում։

Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը ողջունել է ներկաներին, ընդգծել քննարկման հիմնական նպատակը, այն է՝ ապահովել անվտանգ և առողջ առցանց միջավայր երեխաների համար։

«Տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, որտեղ երեխաները բացառություն չեն։ Համացանցը մեծ հնարավորություններ է տալիս սովորելու, զարգանալու և հաղորդակցվելու համար, սակայն հատկապես երեխաների համար այն որոշակի ռիսկեր է պարունակում՝ սկսած վնասակար բովանդակությունից, առցանց հարձակումներից մինչև գաղտնիության խախտումներ, և այլն»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ առցանց հարթակում երեխաների պաշտպանության խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, և այդ գործընթացում պահանջվում են ծնողների, ուսուցիչների, պետական կառույցների և տեխնոլոգիական ընկերությունների համատեղ ջանքերը։

Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուն կարևորել է տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նման ձևաչափով քննարկման կազմակերպումն ու անցկացումը՝ փորձի փոխանակման, ձևավորված համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ Նա ներկայացրել է այդ ուղղությամբ իրենց կառույցի կողմից իրականացվող քաղաքականությունն ու աշխատանքները։

Թեմայի վերաբերյալ առանձին շնորհանդեսներով հանդես են եկել «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ՀՄՄ ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Նատալյա Մոչուն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հեղնար Մելքոմ Մելքոմյանը։

Անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությանը, ազգային ռազմավարության ստեղծմանը, օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությանը, կրթական և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ համագործացկությանը՝ տեղեկատվական անվտանգության ըմբռնման և հմտությունների զարգացման առումով։

Քննարկմանը ներկա էին պետական մարմինների, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՄՄ ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի համագործակցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում