Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ արտոնությունը երկարաձգվեց ևս մեկ տարով

ԿԿարմեն Ղուկասյան

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգվեց ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումը և օտարումը ավելացված արժեքի հարկից ազատման մասով գործող օրենսդրական նորմը ևս մեկ տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ:

«Ներկայումս, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ԱԱՀ-ի վճարումից մինչև 2024 թ. հունվարի 1-ը: Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025-ի հունվարի 1-ը»,- հայտնեց Խոջոյանը:

«Մասնավորապես, 2022-ին ներմուծման ծավալը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, իսկ 2020-ի համեմատ՝ շուրջ 12 անգամ, էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022-ին, 2021-ի համեմատ, աճել է 3,8 անգամ: Հարկ է նշել, որ ներկայումս ԵՏՀ հարթակում քննարկվում է էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ ևս 2 տարով մաքսատուրքի վճարումից ազատելու հարցը»,- ասաց Խոջոյանը:

Վարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ ՀՀ-ում էլեկտրամոբիլների նկատմամբ ընկալումն աճում է, և դա, մեծ հաշվով, լավ լուր է:

«Ուրախությամբ պետք է արձանագրեմ նաև, որ Երևանում պարեկային ոստիկանությունն արդեն իսկ օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Մենք լարված հետևում էինք, թե ինչ կասեն մեր հարգելի ոստիկաններն այդ մեքենաների գործունեության մասին: Պետք է ասեմ, որ շատ դրական արձագանք ունեն, բայց սպասում ենք, որ մի քիչ ավելի երկար ժամանակի համար անենք որոշակի հետևություններ: Ուրախությամբ պետք  է արձանագրեմ, որ արդեն Երևանում առաջին էլեկտրական ավտոբուսն է դուրս եկել երթուղի»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով պարեկային ոստիկանությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ եթե ծառայության հետ անհամատեղելի խնդրահարույց հարցեր չծագեն, պայմանավորվածություն է առկա, որ Երևանի պարեկային ոստիկանության համար հետագայում նոր մեքենաներ ձեռք բերելիս ձեռք կբերեն միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ, այնուհետև դա փորձնական կկիրառվի նաև մարզերում:

Հիմնական խնդիրը, ըստ վարչապետի, որը ներկայումս ծագում է, մեքենաների լիցքավորման խնդիրն է: 

Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ արդյոք որոշումներում դրվե՞լ է մեքենաների թարմության որոշակի ցենզ, ինչին ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ դեռ չի դրվել, որպեսզի շահառուների կրիտիկական քանակ ձևավորվի, որ ենթակառուցվածքային հարցը լուծվի:

«Այս ոլորտում երկու մեծ պրոբլեմ ունենք՝ մեկը մեքենաների ուտիլիզացիան է, մեզ պետք են ենթակառուցվածքների զարգացման սցենարներ, բայց մենք 2025-ից կունենանք նպատակային խթանման ծրագիր, որովհետև իրոք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհը ուտիլիզացման ենթակա տրանսպորտային միջոցները ուղարկի Հայաստան: Մենք ուշադիր հետևելու ենք, որ նման բան տեղի չունենա; Ամփոփելով՝ ասեմ, որ դեռևս 2024-ը կլինի լայնամասշտաբ արտոնության տարի, դրանից հետո կարգավորումներով այդ հարցերը կկարգավորենք, որպեսզի թիրախում լինի նոր մեքենան, նոր շահառուն»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում