ՀՀ վարչապետի կողմից երդմնակալությանը մասնակցելու հրավերն ընդունելը կարևոր քայլ էր. Էրդողան

ԴԴիանա Գասպարյան

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴՈՒՌ Է ԲԱՑՎՈՒՄ. ԷՐԴՈՂԱՆ

Ռեջեփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, ամփոփել Ադրբեջան այցի արդյունքները։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները:

«Բաքու-Երևան խաղաղության գործընթացում առաջընթացն էապես նպաստելու է Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորմանը։ Այսքան տառապանքից հետո մեր տարածաշրջանում խաղաղության դուռ է բացվում։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը պատասխանատվությամբ կմոտենան հարցին», - ընդգծել է Էրդողանը։

Նա անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկարա այցին.

«Այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդունեց երդմնակալությանը մասնակցելու մեր հրավերը, կարևոր քայլ էր։ Արարողության ժամանակ նրա հետ կարճ զրույց ունեցա և շնորհակալություն հայտնեցի Թուրքիա այցելելու համար», - մանրամասնել է Ռեջեփ Էրդողանը

Լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, թե իբր այդ հարցում խնդիրը Հայաստանի հետ չէ.

««Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը Իրանի հետ է։ Թեհրանի դիրքորոշումը տխրեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Հուսով եմ, որ այս դժվարությունն էլ ամենակարճ ժամանակում կհաղթահարենք։ Եթե դրան դրական մոտենային, այսօր թե՛ ցամաքային, թե՛ երկաթուղային ճանապարհով Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը միավորված կլինեին և գուցե «Պեկին-Լոնդոն գիծն» էլ բաց լիներ»։

ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ

Մենք Հայաստանի կողքին ենք Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Կատրին Կոլոննայի խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին այդ հարցում որևէ այլ երկիր այնպիսի աջակցություն չի ցուցաբերում, ինչպես Ֆրանսիան, ինչի մասին վկայում են նախագահ Մակրոնի ջանքերը:

«Մենք Հայաստանին նաև տեղում ենք աջակցում լարվածության նվազեցման հարցում: Ապրիլին ես անձամբ էի մեկնել Հարավային Կովկաս՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին օգնելու՝ հասնել խաղաղության համաձայնագրի»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Կատրին Կոլոննան անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ շեշտելով, որ Ֆրանսիան մեծապես աջակցել է առաքելության ստեղծմանը, և այն այսօր նպաստում է իրավիճակի լիցքաթափմանը:

Հարցուպատասխանի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներից Իզաբել Սանտիագոն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ բանաձև ընդունել՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

«Ֆրանսիան պատմական և եղբայրական կապեր ունի Հայաստանի հետ, մեր պարտքն է՝ գործել»,- նշել է ֆրանսիացի պատգամավորը:

ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ԼԱՉԻՆՈՎ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԿՈՉԸ. ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողները հունիսի 3-7-ը Բաքու կատարած այցի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել: Փաստաթղթի համաձայն՝ եվրոպացի քաղաքական գործիչները ողջունել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի շուրջ գրանցած առաջընթացը:

«Մենք նաև վերահաստատում ենք Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման վերաբերյալ մեր կոչը»,- նշել են համազեկուցողները՝ կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անվերապահ կատարումը:

Համազեկուցողները նաև ընդգծել են, որ Ադրբեջանում բազմակարծության, խոսքի ազատության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել:

ՄԻԽԱՅԻԼ ԵՎԴՈԿԻՄՈՎԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ

Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել: Այդ պաշտոնում Միխայիլ Բոչարնիկովին կփոխարինի Միխայիլ Եվդոկիմովը: Ռուսաստանի նախագահի համապատասխան հրամանագրերն արդեն հրապարակվել են։

64-ամյա Եվդոկիմովը 1981 թվականից աշխատել է ՌԴ ԱԳՆ-ում, ինչպես նաև արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում։ Ադրբեջանում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հնգամյա պաշտոնավարումից հետո դիվանագիտական առաքելությունն ավարտել է անցած շաբաթ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում