Զոհեր և փոխհրաձգություն՝ Իսրայել-Եգիպտոս սահմանին

ԴԴիանա Գասպարյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը՝ ևս հինգ տարի ժամկետով: Հունիսի 3-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տեղի է ունեցել նրա երդմնակալությունը: Էրդողանը նախագահի մանդատ է ստացել Թուրքիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Դևլեթ Բահչելիից:

Երդմնակալությանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը: Բարձրաստիճան հյուրեր են ժամանել 78 երկրից:

Ռեջեփ Էրդողան Թուրքիայի նախագահ - Թուրքիան հաջողությամբ հաղթահարել է իր պատմության ընտրական ամենակարևոր գործընթացներից մեկը։ Շնորհակալ եմ բնակչությանը՝ վստահության համար։ Պատրաստ ենք ծառայել Թուրքիայի 85 միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, ազգային պատկանելությունից և կրոնից։ Հանրապետության հիմնադրման 100-ամյակին մեզ առավել քան երբևէ միասնություն է պետք: Ընդդիմությանը կոչ եմ անում հարգել ժողովրդի կամքը:

69-ամյա Էրդողանն արդեն երրորդ անգամ է ընտրվում Թուրքիայի նախագահի պաշտոնում։ 2003-2014թթ. նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ 1994-1998 թվականներին եղել է Ստամբուլի քաղաքապետը։

ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԻՍՐԱՅԵԼ-ԵԳԻՊՏՈՍ ՍԱՀՄԱՆԻՆ

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Եգիպտոսի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ երեք իսրայելցի զինվոր է զոհվել։ Հարձակում գործած եգիպտացի ոստիկանը չեզոքացվել է։ Իսրայելի բանակը միջադեպի հետաքննություն է վարում Եգիպտոսի զինվորականների հետ համագործակցությամբ:

Եգիպտոսի բանակն էլ հայտարարել է, որ Իսրայելի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ երկրի անվտանգության ուժերի անդամ է զոհվել։ Նշվում է, թե սահմանապահը հետապնդել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող հանցագործների։

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԽՎԵԼ ԵՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԵՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐԸ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Հնդկաստանի արևելքում շուրջ 300 մարդ է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ տուժել է ավելի քան 900 մարդ: «Հնդկական երկաթուղիներ» պետական ընկերությունը հայտնել է, որ մարդատար ճեպընթաց գնացքի մի քանի վագոն անհայտ պատճառներով դուրս է եկել ռելսերից և բախվել բեռնատար գնացքին: Այժմ միջադեպի հետ կապված հետաքննություն է անցկացվում: Վթարը տեղի է ունեցել Բալասոր քաղաքից ոչ հեռու: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին տեղի ունեցածի ֆոնին հանդիպում է անցկացրել երկաթուղային ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչից հետո նաև այցելել է վթարի վայր:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ. ԶԵԼԵՆՍԿԻ

Ուկրաինան պատրաստ է հակահարձակման, Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նշել է՝ Կիևը, իհարկե, լրացուցիչ ռեսուրսների կարիք ունի ռազմական գործողություններ անցկացնելու համար, սակայն չի կարող ևս մի քանի ամիս սպասել։

«Չգիտեմ՝ որքան կտևի հակահարձակումը և ինչ գին կվճարենք արդյունքում, հնարավոր են տարբեր սցենարներ, բայց մենք պատրաստ ենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն առավելություն ունի օդում, և հակառակորդի ինքնաթիռներից պաշտպանվելու միջոցների բացակայությունը նշանակում է, որ հակահարձակման ժամանակ մեծ թվով զինվորներ կարող են զոհվել:

Մինչ այդ մարտական գործողությունները շարունակվում են: Բարդ իրավիճակ է, մասնավորապես, Բախմուտում: Քաղաքի մեծ մասն այժմ գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, ուկրաինական կողմը հայտարարում է՝ թույլ չեն տալիս ռուսական զորքերի առաջխաղացումը: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարն էլ տեղեկացրել է, որ հունիսի 2-ի դրությամբ Բախմուտից դուրս է բերել իր ուժերի 99%-ը:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ՇԵԲԵԿԻՆՍԿԻ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գնդակոծել Շեբեկինսկի շրջանի բնակավայրերը: Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, շրջանի բնակիչների տարհանվում են:
Ավելի վաղ Գլադկովը տեղեկացրել էր, որ հունիսի 2-ին էլ Սոբոլևկա գյուղի գնդակոծության հետևանքով երեք մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։

Ուկրաինան ռուսական տարածքներին հարվածներ հասցնելու հետ կապված մեղադրանքները հերքում է:

ԿԻԵՎԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ ՌԴ ՀԵՏ. ԴԱՆԻԼՈՎ

Կիևը չի պատրաստվում երկխոսություն սկսել Մոսկվայի հետ՝ հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը:

«Մենք չենք փակել բանակցությունների դուռը, ուստի չենք էլ պատրաստվում այն բացել: Մենք Պուտինի հետ չենք խոսելու»,- ասել է Ալեքսի Դանիլովը:

«Պատերազմն ավարտելու՝ Ուկրաինայի պայմանները բավականին պարզ են՝ 1991 թվականի սահմանները պետք է ճանաչվեն, Պուտինը և նրա հանցակիցները պատասխանատվության ենթարկվեն, Ուկրաինային հասցված վնասը փոխհատուցվի և մեր երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրվեն», - հավելել է պաշտոնյան։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել է Կիև-Մոսկվա հնարավոր երկխոսությանը: Նա նշել է՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ցանկացած շփումների, որպեսզի Ռուսաստանի նպատակներին հասնեն ոչ թե հատուկ գործողության միջոցով, այլ նաև ուրիշ տարբերակներով:

«Սակայն Արևմուտքը դեռ այլ ելք չի թողնում»,- եզրափակել է Պեսկովը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում