Հայաստանի և Չեխիայի վարչապետները՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանը շարունակում է սպառնալիքները, Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրում, հռետորաբանությունն է կոշտացնում, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա է կիրառում: Այս պայմաններում ինչքանո՞վ է հնարավոր գնալ խաղաղության: Արդյոք Ադրբեջանի իշխանության և ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ չպե՞տք է կիրառել: Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին՝ ուղղված Հայաստանի և Չեխիայի վարչապետներին, Պետեր Ֆիալան պատասխանեց, որ կարող են աջակցել և կաջակցեն խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման:

«Իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, որ ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է խախտում (պայմանավորվածությունները - խմբ.): Չեխիայի և ԵՄ անդամ պետությունների միասնական նպատակն է հասնել տարածաշրջանում կայունության, տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի իրավունքները, երաշխավորել հայերի իրավունքները. դա կարևոր հանգամանք է:

Մենք կոնկրետ քայլեր այս ուղղությամբ արել ենք, Չեխիայի Հանրապետությունը նպաստել է մոնիթորինգի առաքելության տեղակայմանը, չեխ 7 փորձագետ կա առաքելության կազմում»,- հիշեցրեց Չեխիայի վարչապետը՝ վերահաստատելով, որ պատրաստ են մասնակցել այլ աշխատանքների, որոնք կնպաստեն տևական խաղաղությանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նկատեց, որ այն, ինչ ասաց լրագրողը, բացարձակ ճշմարտություն է:

«Ձեր հարցը և բովանդակությունն ընդգծում են խաղաղության անհրաժեշտությունը, որովհետև մի կողմից կարելի է ասել, թե այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն, բայց մյուս կողմից՝ դրանից ելնելով՝ կարելի է ընդգծել, որ խաղաղությունն անհրաժեշտ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում