Չինաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ

ԴԴիանա Գասպարյան

ԱՆԿԱՐԱՆ ՄԻՇՏ ԲԱՔՎԻ ԿՈՂՔԻՆ Է ԵՂԵԼ ԵՎ ԿԼԻՆԻ. ՔԱԼԸՆ

44-օրյա պատերազմից ի վեր Անկարան Բաքվի կողքին է եղել և միշտ կլինի, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը «Թուրքիայի արտաքին քաղաքականության հարյուրամյակը» խորագրով կոնֆերանսի ժամանակ: Իբրահիմ Քալընը նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել, որ տարածաշրջանային բոլոր երկրները՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, համատեղ ուժերով խաղաղության և կայունության մթնոլորտ ձևավորեն։

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը բխում է երկու երկրի շահերից։ Այդ գործընթացը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա էլ դրական ազդեցություն կունենա: Ուստի շարունակելու ենք աջակցել խաղաղ բանակցությունները», - նշել է Քալընը։

Թուրքիայի նախագահի խոսնակը կարծիք է հայտնել, թե իբր Ֆրանսիան և այլ դերակատարներ բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և նրանց կոչ արել առավել կառուցողական դիրք գրավել:

ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ երեկոյան Թուրքիայի նախագահի հետ ուղիղ հեռարձակումն ընդհատվել էր նրա ինքնազգացողության վատացման պատճառով։ Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրդողանը պատասխանում էր թուրքական հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին։ Երբ հեռարձակումը վերսկսվել է, Էրդողանը ասել է, որ ինքնազգացողության վատացման պատճառը գաստրոէնտերիտն է, սակայն որոշել է չչեղարկել լրագրողների հետ հանդիպումը՝ մտածելով, որ իրեն սխալ կհասկանան։

Ավելի ուշ Էրդողանը թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել, տեղեկացրել, որ այսօր Կիրիկքալեում, Յոզգաթում և Սըվասում նախատեսված ելույթները հետաձգվում են:

«Բժիշկների խորհրդով կմնամ տանը», - հավելել է Թուրքիայի նախագահը:

ՍՊԱՆՎԵԼ Է ՍՊԱՀԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Իրանի հյուսիսում գտնվող Մազանդերան նահանգում սպանվել է Իրանի փորձագետների խորհրդի անդամ Աբբաս Ալի Սոլեյմանին, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Նշենք, որ Փորձագետների խորհուրդը հատուկ կառավարական մարմին է, որն ընտրում է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին:

ԶԼՄ-ների տվյալով՝ նահանգային բանկերից մեկում Սոլեյմանիի վրա կրակած տղամարդը բերման է ենթարկվել: Սպանության պատճառները դեռևս չեն հաղորդվում։

Սոլեյմանին ծառայում էր որպես Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչ Սպահան նահանգի Քաշան քաղաքում, ինչպես նաև Սիստան և Բելուջիստան նահանգում:

ԿԱՅԱՑԵԼ Է ԶԵԼԵՆՍԿԻ-ԾԻՆՓԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

Ուկրաինայի և Չինաստանի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել: Ուկրաինայի նախագահը Թվիթերում հույս է հայտնել, որ այս հեռախոսազանգը, նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը հզոր խթան կհաղորդեն երկու երկրի հարաբերություններին: Զելենսկին նաև անընդունելի է համարել տարածքային փոխզիջումների պայմանով խաղաղության հաստատումը։

Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ` Սի Ծինփինը վստահեցրել է, որ Պեկինը ձգտելու է որքան հնարավոր է շուտ հասնել Ուկրաինայում հրադադարի, և պատրաստ է նպաստել Մոսկվա-Կիև խաղաղ բանակցություններին: Նա նաև տեղեկացրել է, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Ուկրաինա։

ԶԵԼԵՆՍԿԻ-ԾԻՆՓԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Փարիզն արձագանքել է Ուկրաինայի և Չինաստանի ղեկավարների հեռախոսազրույցին: Ելիսեյան պալատը ողջունել է ցանկացած երկխոսություն, որը կարող է նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
Միացյալ Նահանգները նույնպես դրական է գնահատել Սի Ծինփինի և Վոլոդիմիր Զելենսկիի բանակցությունները:

«Սա դրական քայլ է, սակայն չենք կարող ասել՝ արդյոք դրա արդյունքում խաղաղության հաստատման ուղղությամբ որևէ առաջընթաց կգրանցվի»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Նա նաև հավելել է՝ այժմ Վաշինգտոնը չունի որևէ ապացույց, որ Պեկինը Մոսկվային ռազմական օգնություն է ցուցաբերել ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում:

ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԳՐԱՎՄԱՆԸ

Մոսկվան Ռուսաստանում գործող «Ֆորտում» ֆիննական էներգետիկ ընկերության և դրա գերմանական մասնաճյուղի բաժնետոմսերի նկատմամբ ժամանակավոր արտաքին կառավարում է սահմանել, որն իրականացնելու է Ռուսաստանի պետգույքի կառավարման դաշնային գործակալությունը: Համապատասխան որոշումը ստորագրել է Վլադիմիր Պուտինը:

Ըստ ռուսական կողմի՝ դա արվում է` ի պատասխան արտասահմանում ռուսական գույքի և ֆինանսական ակտիվների առգրավման:

«Անհրաժեշտության դեպքում ցանկը կընդլայնվի»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում