Պեկինը համաձայնություն չի տվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցին

ԴԴիանա Գասպարյան

ԿԱՅԱՑԵԼ Է ԻՐԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են անցկացրել, քննարկել երկկողմ հարաբերությունները։ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովն ընդգծել են երկկողմ բանակցությունները շարունակելու և անհրաժեշտության դեպքում փոխադարձ այցեր կազմակերպելու անհրաժեշտությունը։ Դիվանագետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Աբդոլլահիանի և Բայրամովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բաքվի և Թեհրանի միջև առկա դիվանագիտական լարվածության ֆոնին, երբ կողմերն իրար մեղադրում են ոչ բարիդրացիական քաղաքականություն վարելու համար: Իրանին նաև անհանգստացնում է այն փաստը, որ Ադրբեջանը խորացնում է հարաբերությունները Իսրայելի հետ:

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՍԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մասամբ հավանություն է տվել կենսաթոշակային փոփոխություններին և հաստատել թոշակի անցնելու տարիքը մինչև 64 բարձրացնելու իշխանությունների որոշումը: Սահմանադրական խորհրդի շենքի դիմաց ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել՝ փորձելով ցրել քաղաքացիներին, որոնք պահանջել են չեղարկել փոփոխությունները: Սահմանադրական խորհրդի որոշումից հետո օրենքը ստորագրել է Ֆրանսիայի նախագահը: Ավելի վաղ Էմանուել Մակրոնն արհմիությունների ներկայացուցիչներին հրավիրել էր ապրիլի 18-ին քննարկելու կենսաթոշակային փոփոխությունների ծրագիրը, սակայն արհմիությունները հայտարարել են, որ կհրաժարվեն հանդիպումից, եթե Ելիսեյան պալատի ղեկավարը ստորագրի օրենքը:

Մինչ այդ Ֆրանսային խոշոր քաղաքներում և մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց բողոքի ակցիաներն ահագնանում են. բախումներ, ծեծկռտուք, վիրավորներ, ավերածություններ, հարյուրից ավելի ձերբակալվածներ:


ՊԵԿԻՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՎԵԼ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՅՑԻՆ ՉԺՀ

Պեկինը համաձայնություն չի տվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցին: Չինական կողմը մտավախություն ունի, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն կհրապարակի ամերիկյան բանակի կողմից խոցված չինական հետախուզական օդապարիկի հետաքննության արդյունքները: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Բլինքենի այցը Չինաստան նախատեսված էր փետրվարին, սակայն Պետքարտուղարը հայտարարել էր, որ ԱՄՆ օդային տարածքում հայտնված չինական սարքի պատճառով հետաձգում է ուղևորությունը: «Այդ հետախուզական օդապարիկի առկայությունն ԱՄՆ օդային տարածքում մեր երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- ասել էր Բլինքենը։

Լրատվամիջոցները գրում են նաև, որ Չինաստանը չի ցանկանում ընդունել Բլինքենին, քանի որ վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը Կալիֆոռնիայում ընդունել է Թայվանի ղեկավարին, ինչից հետո ամերիկյան կողմը հայտարարել է Թայվանին զենք վաճառելու անհրաժեշտության մասին: Պեկինն անընդունելի է համարում, որ Վաշինգտոնը խախտում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը և աջակցում Թայվանի անկախությանը:

ԲԼԻՆՔԵՆԸ ՀԱՆՈՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԻՄՆԱՐԿԵՔԻՆ

ԱՄՆ պետքարտուղարը Վիետնամ այցի շրջանակում մասնակցել է մայրաքաղաք Հանոյում ԱՄՆ դեսպանատան հիմնարկեքի արարողությանը։ Էնթոնի Բլինքենի խոսքով՝ այսպիսով Վիետնամի և Միացյալ Նահանգների հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն: Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը կխորացնի Հանոյի հետ գործակցությունը նաև տնտեսության ոլորտում և էներգիայի նոր աղբյուրներ հայտնաբերելու հարցում։

Բլինքենին ընդունել է նաև Վիետնամի արտգործնախարարը: Դիվանագետները քննարկել են երկկողմ օրակարգի կարևոր հարցեր և շփումները զարգացնելու հեռանկարները:

Լրատվամիջոցները գրում են, որ Վիետնամ Բլինքենի այցը տեղի է ունենում Վաշինգտոն-Պեկին հարաբերություններում խորացող տարաձայնությունների ֆոնին:

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՓԱԿՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ԳՈՐԾՈՂ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ

Գերմանիան փակում է երկրի վերջին երեք գործող ատոմակայանները: Դրանց աշխատանքի դադարեցումը նախատեսվում էր 2022 թվականի վերջին, սակայն «Հյուսիսային հոսքերով» գազի մատակարարումների դադարեցման պատճառով կանցլեր Օլաֆ Շոլցը միանձնյա որոշմամբ երկարաձգել էր ատոմակայանների աշխատանքը մինչև 2023 թվականի ապրիլի 15-ը։
ԱԷԿ-ներից աստիճանաբար հրաժարվելու մասին որոշումը կայացվել էր դեռևս 2011 թվականին կանցլեր Անգելա Մերկելի օրոք՝ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո:
Գերմանիան այժմ հրաժարվում է ոչ միայն «խաղաղ ատոմից», այլև ռուսական էներգառեսուրսներից: Բեռլինը ցանկանում է հասնել կլիմայական չեզոքության և մինչև 2045 թվականը ամբողջովին անցնել կանաչ էներգիայի։

ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՌԴ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՑԱՆԿԱՊԱՏ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

Ֆինլանդիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը՝ առաջին հերթին անօրինական միգրացիայի հոսքից պաշտպանվելու համար: Մինչև 2026 թվականը նախատեսվում է ավարտին հասցնել 200 կիլոմետրանոց ցանկապատի կառուցումը: Դրա վրա հսկողության հատուկ սարքեր կտեղադրվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում