Եմենում պատերազմը կարող է ավարտվել մինչև ապրիլի վերջը

ԴԴիանա Գասպարյան

ԱՄԷ-Ն ՍԿՍԵԼ Է ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԵՄԵՆԻՑ

Արաբական Միացյալ Էմիրությունները սկսել է զորքերի դուրսբերումը Եմենից՝ հայտարարել է «Անսար Ալլա» շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամադ ալ-Բուխայթին:

«Եմենի վրա հարձակմանը Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի մասնակցությունը մեծ սխալ էր»,- նշել է նա: Ալ-Բուխայթին հավելել է, որ Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն մանրամասներ չի հայտնել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի և Օմանի պատվիրակությունները հաջորդ շաբաթ կմեկնեն Եմենի մայրաքաղաք Սանաա՝ հութի ապստամբների և կառավարության միջև վերջնական զինադադարի շուրջ բանակցելու համար: Համաձայնության դեպքում Եմենում պատերազը կարող է ավարտվել մինչև Ռամադան ամսվա վերջ:

Հատկանշական է, որ այս քննարկումները ծավալվում են Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին:

Եմենն այսօր փաստացի բաժանված է երեք մասի. հյուսիսում իշխում են հութի ապստամբները, որոնց աջակցում է Իրանը, հարավը վերահսկվում են տարբեր զինյալ խմբավորումներ, իսկ երկրի մնացած հատվածը գտնվում է միջազգայնորեն ճանաչված կառավարություն վերահսկողության ներքո, որին աջակցում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան:


ԹՈՒՐՔԻԱՆ 35 ՏԱՐԻ ԿԱՐՈՂ Է ԲԱՎԱՐԱՐԵԼ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԱԶԻ ԿԱՐԻՔԸ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ իր երկիրը Սև ծովում սեփական հանքավայրերի հաշվին կարող է 35 տարի բավարարել տնային տնտեսությունների գազի կարիքները:
Ֆաթիհ Դոնմեզը հայտնել է, որ երկրի բնական գազի կարիքները հոգալու հարցում Ռուսաստանի մասնաբաժինը վերջին 35 տարում նվազել է երկու երրորդով։ Նա հիշեցրել է, որ 2000-ականներին Թուրքիային գազ մատակարարողների թվում հայտնվեցին Իրանը և Ադրբեջանը։

«Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել Թուրքիայում։ SOCAR ընկերությունը նույնպես Թուրքիայի խոշորագույն ներդրողներից է։ Մենք նաև Ադրբեջանի հետ գազ ենք մատակարարելու Եվրոպա», - ասել է Դոնմեզը:
Նա հավելել է, որ բալկանյան երկրներն Ադրբեջանից և Թուրքիայից գազ են պահանջում, և այս հարցում Անկարան ու Բաքուն համատեղ են գործելու։
 

ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻՆ՝ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԱՄՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտավախություն է հայտնել, որ չորս բարձրաստիճան դատավորների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ:

Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով՝ անհրաժեշտ է դատական համակարգում կոռուպցիայի հնարավոր փաստերի քննություն անցկացնել կամ վերանայել Արդարադատության բարձրագույն խորհրդի կազմը:

Ավելի վաղ Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ է սահմանել վրացի բարձրաստիճան դատավորների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ. նրանք մեղադրվում են «լուրջ մասշտաբների կոռուպցիայի» համար: Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացրել են, որ դատավորները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ խաթարելով օրենքի գերակայությունը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը Միացյալ Նահանգների պետքարտուղարին ուղղած նամակում մտահոգություն հայտնել, որ նման քայլը կարող է վնասել երկկողմ բարեկամական հարաբերությունները:


ԲԱՔՈՒՆ ԽԱԽՏՈՒՄ Է ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. ԻՐԱՆԻ ԱԳՆ

Իրանը համարում է, որ Ադրբեջանում իրանցի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելով՝ Բաքուն խախտում է բարիդրացիության սկզբունքները՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Նասեր Քանանին կոչ է արել Բաքվին հարգել Թեհրանին, ձգտել բարիդրացիության, ինչպես նաև հեռու մնալ տարածաշրջանի թշնամիներից, այդ թվում՝ Իսրայելից։

Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ իրանցի չորս դիվանագետ անցանկալի անձ է ճանաչվել և նրանք 48 ժամվա ընթացքում պետք է լքեն Ադրբեջանի տարածքը՝ դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության պատճառով։ Բաքուն Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է արտահայտել իբրև թե Թեհրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ սադրիչ գործողությունների կապակցությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում