Լաչինի միջանցքում անցակետ բացելու շուրջ քննարկումներ չեն եղել. Զախարովա

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի սահմանադրական դատարանի կողմից Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու հարցին և Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման կարգադրագրին, նշել՝ այդ թեման Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի քննարկումների առարկա է:

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Անհրաժեշտություն չեմ տեսնում բարձրաձայնելու այդ շփումների մանրամասները: Կարծում եմ` հարցը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով:

Զախարովան նաև մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը, որ եթե գարնանը Ադրբեջանը հարձակում չսկսի Հայաստանի դեմ, դա կլինի ԵՄ առաքելության հաջողությունը: Նա ընդգծել է՝ պետք է լսել Բաքվին և Երևանին, ոչ թե նրանց, ովքեր երբևէ միջնորդական դերակատարում չեն ունեցել և չեն հասել որևէ գործնական արդյունքի:

Մարիա Զախարովա - Պետք է գործել երկու երկրների շահերին համապատասխան: Մենք հասկանում ենք, որ երկու կողմերը երբեմն ունեն տրամագծորեն տարբեր տեսակետներ, որ լինում են ծայրահեղ բարդ իրավիճակներ, սրացումներ: Միևնույն ժամանակ, մենք արձանագրում ենք, որ կողմերը կարող են պայմանավորվել: Կարևորը նրանց համար համապատասխան մթնոլորտ և հիմք ստեղծելն է և փոխըմբռնմանն աջակցելը, ոչ թե հակառակը:

Զախարովան կրկնել է իր ավելի վաղ հայտնած աշխարհաքաղաքական գնահատականները: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում Եվրամիությունն ապակառուցողական նպատակներ ունի:

Մարիա Զախարովա - Բրյուսելում շահագրգռված չեն վստահություն ձևավորելու և կողմերի դիրքորոշումները մոտեցնելու հարցում: Եվրամիությունը Երևանի և Բաքվի միջև տարաձայնություններ է սերմանում: Կոչ ենք անում հրաժարվել նման առճակատման սցենարից: Եվ հիշեցնեմ՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված բախումները 2020 թ. աշնանը և 2022 թ. սեպտեմբերին դադարեցվել են հենց Ռուսաստանի ջանքերով: Երևանի և Բաքվի հարաբերությունների առողջացման միակ հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական կյանքի կոչումն է»:

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԱՆՑԱԿԵՏ ԲԱՑԵԼՈՒ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Հարցին՝ արդյոք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներ են եղել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրելու շուրջ, Զախարովան պատասխանել է՝ ո՛չ, չեն եղել:

Մարիա Զախարովան նաև տեղեկացրել է, որ Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը Մևլութ Չավուշօղլուի հրավերով կայցելի Թուրքիա՝ քննարկելու երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր, այդ թվում՝ գործակցությունը էներգետիկայի, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում: Ռուսաստանի գլխավոր դիվանագետի այցի օրակարգում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, զարգացումները Ուկրաինայում և Սիրիայում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում