Զելենսկին այցելել է Դոնեցկի և Խերսոնի շրջաններ

ԴԴիանա Գասպարյան

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴՈՆԵՑԿԻ ԵՎ ԽԵՐՍՈՆԻ ՇՐՋԱՆՆԵՐ. France 2/TF1

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Դոնեցկի շրջան, այցելել Բախմուտի ուղղությամբ առաջնագծում պայքարող ուկրաինացի զինվորականներին՝ հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից։

«Պատիվ ունեմ լինելու մեր երկրի արևելքում և պարգևատրել մեր հերոսներին»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարը հայտնել էր, որ ռուսական ուժերը վերահսկում են Բախմուտի 70 տոկոսը: Նրա տվյալով՝ ուկրաինական կողմն այժմ հակահարձակման է պատրաստվում:

Վոլոդիմիր Զելենսկին այցելել է նաև Խերսոնի շրջան, մասնավորապես Խերսոն քաղաք, Պոսադ-Պոկրովսկյե գյուղ և Խերսոնի էներգետիկ օբյեկտներից մեկը: Նախագահը ծանոթացել է վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին, ստուգել՝ էլեկտրամատակարարման հետ կապված ինչ խնդիրներ կան:

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին Կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Փարիզում երթևեկությունը կաթվածահար է, ուսումնական որոշ հաստատություններ չեն աշխատում, իրավապահների և քաղաքացիների միջև բախումներ են եղել, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, ցուցարարներից ոմանք Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ջարդել խանութների ցուցափեղկերը:

Ցուցարարները նաև փորձել են խափանել Փարիզի Լիոնի կայարանի և «Շառլ դը Գոլ» օդանավակայանի աշխատանքը։ Լրատվամիջոցների տվյալով՝ Փարիզի օդանավակայանները վախենում են, որ ավիավառելիքի պաշարները կարող են սպառվել, քանի որ Նորմանդիայի նավթավերամշակման գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Փարիզը բախվել է ևս մեկ լուրջ խնդրի՝ աղբահանությամբ զբաղվող մունիցիպալ ձեռնարկությունները հրաժարվում են աշխատել։ Արդյունքում՝ Փարիզում մի քանի օր է՝ աղբը փողոցներից չի հավաքվում:

Երեկ France2-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կենսաթոշակային փոփոխություններն անհրաժեշտություն են և ափսոսանք հայտնել, որ իշխանությունները չեն կարողացել ավելի լավ բացատրել բնակչությանը դրանց կարևորությունը:

«Կարծում եք, ինձ բավականությո՞ւն է պատճառում այս բարեփոխումն իրականացնելը։ Ո՛չ: Կարծում եք չէի՞ կարող ինձնից առաջ եղածների պես վարվել ու անցնել առաջ: Բայց հասարակական կարծիքի, կարճաժամկետ հեռանկարի և Ֆրանսիայի ընդհանուր շահերի միջև ես ընտրեցի երկրի ընդհանուր շահը»,- ասել է Մակրոնը։

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Չեն դադարում ցույցերը նաև Իսրայելում: Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ բողոքում են երկրի վարչապետ Բենիամին Նեթանհուի կառավարության դատական ​​փոփոխությունների դեմ, որոնք, իշխանության պնդմամբ, Իսրայելին կդարձնեն ավելի ուժեղ և ժողովրդավար: Ցուցարարները, սակայն, կարծում են, որ Նեթանյահուն փորձում է յուրացնել իշխանությունը և վերահսկել դատական համակարգը։ Լրատվամիջոցների տվյալով՝ երթևեկությունը կաթվածահար է, որոշ ցուցարարներ բերման են ենթարկվել:

Ցույցերն ակտիվացել են նաև այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ խորհրդարանը վավերացրել է վարչապետի պաշտոնանկության հանգամանքները սահմանափակող օրենքը: Դրա համաձայն՝ վարչապետի անգործունակության մասին կարող են հայտարարել միայն վարչապետը կամ կառավարությունը՝ պայմանով, որ առաջարկին կողմ քվեարկի նախարարների 75%-ը։

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԲԱՎԱՐԱՐԻ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՅՏԸ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 26-Ը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքներ է ստորագրել: Այսպիսով, Ֆինլանդիան ավարտել է դաշինքին միանալու վերաբերյալ փաստաթղթերի վավերացման գործընթացը:

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ Ակնկալվում է, որ խորհրդարանը վերջնականապես կբավարարի Հելսինկիի հայտը մինչև մարտի 26-ը։

ՇՎԵԴԻԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Շվեդիայի խորհրդարանն ընդունել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օրինագիծը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 269 օրենսդիր, դեմ՝ 37: Այս պահի դրությամբ Հյուսիսատլանտյան դաշինքին Ստոկհոլմի անդամակցմանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի 28 անդամ՝ բացի Թուրքիայից և Հունգարիայից:

Անկարան պնդում է, որ Շվեդիան չի բավարարում ահաբեկչության դեմ պայքարում իր մտահոգությունները և չի արտահանձնում Թուրքիայում ահաբեկչության համար մեղադրվող անձանց:

Շվեդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին միանալ հարևան Ֆինլանդիայի հետ, սակայն դիտարկվում է նաև առանձին գործընթացների հնարավորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում