Ուկրաինայի հարցը՝ Բայդեն-Շոլց հանդիպման առանցքում

ՄՄերի Ներսիսյան

ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ՝ ԲԱՅԴԵՆ-ՇՈԼՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Երկրների առաջնորդների բանակցությունների հիմնական թեմաներն են եղել Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Չինաստանի հետ հարբերությունները: Բայդենը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլերին՝ Ուկրաինայի հարցում աջակցության համար:

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի Կիևին տրամադրվող աջակցությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննարկել են Ուկրաինային անվտանգության, հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնության ապահովման ընթացիկ ջանքերը և Ուկրաինայի ժողովրդի հետ գլոբալ համերաշխության պահպանման կարևորությունը:
 
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Ակնկալվում է, որ Մեցոլան ելույթ կունենա «Միավորված՝ հանուն արդարության» ռազմական հանցագործություններին նվիրված համաժողովում՝ ձգտելով համախմբել միջազգային գործընկերներին՝ ստեղծելու ռազմական հանցագործությունների դատարան Ռուսաստանի և նրա ղեկավարության համար: Ճեպազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում տեղի ունեցած հանցագործույթունների համար մեղավորները պետք է պատասխան տան:

ՇՈՅԳՈՒՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների գոտի: Նա հանդիպել է զինծառայողներին և նրանցից մի քանիսին շքանշաններ է շնորհել: Հարավդոնեցկյան իրավիճակի մասին զեկույց է ներկայացրել գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը:

 ԵՄ ՎԵՑ ԵՐԿՐԻ ԿՈՉՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Լեհաստանը Իսրայելին կոչ են արել չեղարկել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող բնակավայրերում նոր բնակարանների կառուցման ծրագրերը՝ ասված է եվրոպական վեց երկրների ԱԳՆ ներկայացուցիչների հայտարարության մեջ: Երկրները խոր մտահոգություն են հայտնել տարածաշրջանում բռնության շարունակման կապակցությամբ:

«Մենք կտրականապես մերժում ենք բոլոր միակողմանի միջոցները, որոնք խարխլում են երկու պետությունների համակեցությունը: Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում չեղյալ հայտարարել Արևմտյան ափին ավելի քան 7 հազար միավոր բնակարանների կառուցմանը հավանություն տալու որոշումը»,- նշել են ԱԳՆ ներկայացուցիչները:

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները որոշել են օրինականացնել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող ինը բնակավայրային դիրքերը՝ ի պատասխան Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունների:

ԻՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԱԷՄԳ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ

Իրանն ու Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կարող են կառուցել փոխըմբռնման ու վստահության վրա հիմնված հարաբերություններ՝ Թեհրանում հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

«Վստահ եմ, որ բանակցություններում, որոնք հիմա անցկացնում եմ Թեհրանում, շրջադարձային համաձայնության կգանք»,- ասել է Գրոսին՝ նշելով, որ «Իրանն ու ԱԷՄԳ-ն կարող են կառուցել վստահելի հարաբերություններ»։

Նա Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ բանակցությունների ընթացքում ասել է, որ ԱԷՄԳ-ն և Թեհրանը «պետք է միասին վերացնեն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ կասկածները»։

Գրոսին նշել է նաև, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են երկու կարևոր հարցերի շուրջ, ներառյալ՝ գիտության ոլորտը. այդ գործընթացից «մեծ ակնկալիքներ» կան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում