Հունաստանում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ

ԴԴիանա Գասպարյան

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱ ԱՌՆՎԱԶՆ 38 ԶՈՀ

Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքներ, ինչի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել, կան անհետ կորածներ: Տուժածներից ոմանց վիճակը գնահատվում է ծանր:
Հաղորդվում է, որ ուղևորատար գնացքում շուրջ 350 մարդ է եղել: Գնացքն Աթենքից ուղևորվում էր Սալոնիկ: Բեռնատար գնացքը շարժվել է հակառակ ուղղությամբ: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:

Լրատվամիջոցների տվյալով՝ Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է ներկայացրել: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԱՅԻՍԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսին։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

«Մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ իրենից պահանջվում է», - ասել է նա՝ արձագանքելով թուրքական կառավարության հասցեին ընդդիմության քննադատությանը։

Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո քննարկվում էր այն հարցը, որ մայիսի 14-ին նշանակված ընտրությունները կարող են հետաձգվել: Ընդդիմությունը դեմ էր արտահայտվում նման հնարավորությանը՝ նշելով, որ ընտրությունների անցկացումը չի բխում Ռեջեփ Էրդողանի շահերից:

ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքիայում նոր երկրաշարժեր են արձանագրվել: Երկրում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 11 000 հետցնցում։ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 53.000-ը:

Թուրքիայի Շինարարության գնահատման լաբորատորիաների ասոցիացիայի տվյալով՝ երկրի տարբեր շրջաններում նմուշառված բետոնի մոտ 26%-ում զգալի թերություններ են հայտնաբերվել: Ստամբուլում անորակ է ճանաչվել նմուշառված բետոնի մոտ 40%-ը: Տեղական իշխանությունները հայտնել են, որ մտադիր են վերաբնակեցնել քաղաքի ոչ սեյսմակայուն մեկուկես միլիոն կացարանի բնակչի:

Լրատվամիջոցների տվյալով՝ վերջին 1 օրվա ընթացքում 4-ից ավելի մագնիտուդ ուժգնության երկրաշարժեր են գրանցվել Վրաստանում, Հունաստանում, Մեքսիկայում, Ճապոնիայում, Ալբանիայում, Ֆիլիպիններում և Ֆիջիի ափերին:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿ. ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի առաջացման պատճառը, ամենայն հավանականությամբ, չինական Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքն է: Նա հստակեցրել է՝ խոսքը «չինական կառավարության կողմից վերահսկվող լաբորատորիայից պոտենցիալ արտահոսքի մասին է»։ Նա պնդել է, որ Չինաստանի կառավարությունն ամեն ինչ անում է՝ խանգարելու ամերիկյան կողմին պարզել քովիդի առաջացման պատճառները:

Պաշտոնական Պեկինն արձագանքել է մեղադրանքներին: Երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է՝ Չինաստանը կտրականապես դեմ է կորոնավիրուսի ծագման հարցի քաղաքականացմանը: Մաո Նինգը ամերիկյան կողմին կոչ է արել չխանգարել միջազգային հանրությանը կորոնավիրուսի ծագման հետաքննության գործում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից էլ նշել են, որ կառույցն ուսումնասիրում է կորոնավիրուսի ծագման բոլոր վարկածները, սակայն մինչ օրս դրանցից որևէ մեկի վերաբերյալ բավարար ապացույցներ չեն ստացվել։

ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ՝ ՖԻՆԼԱՆԴԻՅԱԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Ֆինլանդիայի խորհրդարանը ձայների 184 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցության մասին օրինագծին։ Վերջնական վավերացման համար փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահը։

2022 թվականին Ֆինլանդիան և Շվեդիան դիմել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար, սակայն Անկարան արգելափակել է գործընթացը՝ պահանջելով ահաբեկչական ճանաչել Քրրդստանի աշխատավորական կուսակցությունը և արտահանձնել Թուրքիայում ահաբեկչության համար մեղադրվող անձանց։

Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները սրվեցին Ստոկհոլմում Ղուրանի այրումից հետո։ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց՝ հակաթուրքական գործողություններից հետո Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կաջակցի այդ երկրին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

Այս պահին կողմերի միջև քննարկումները շարունակվում են: Ֆինլանդիայում դիտարկում են նաև առանց Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրման հնարավորությունը: Դաշինքի բոլոր երկրները, բացի Թուրքիայից և Հունգարիայից, արդեն հավանություն են տվել սկանդինավյան երկու երկրի անդամակցությանը Դաշինքին։

ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Իսրայելում հակակառավարական ակցիաներ են: Ցույցի հարյուրավոր մասնակիցներ բողոքում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի քաղաքականության և նրա առաջարկած դատական փոփոխությունների դեմ, որոնք, մասնավորապես, ենթադրում են Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության հարցում կաբինետի վերահսկողության հաստատում։

Մի շարք քաղաքներում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, կան տուժածներ և ձերբակալվածներ, երթևեկությունը կաթվածահար է: Իսրայելում ընդդիմության զանգվածային ցույցերը շարունակվում են հունվարի սկզբից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում