Մեկնարկել է Մյունխենի անվտանգության համաժողովը, մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

ՄՄերի Ներսիսյան

140 պատվիրակ աշխարհի 96 երկրից Գերմանիայում են՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին: Այն այս տարի ընթանում է առանց Ռուսաստանի և Իրանի: Բավարիայի մայրաքաղաքում են Եվրոպայի եռյակի առաջին դեմքերը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը և վաթսուն կոնգրեսական, Չինաստանի արտաքին գործերի նախկին նախարարը, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, Ուկրաինայի նախագահը՝ հեռավար ձևաչափով, տասնյակ նախարարներ տարբեր երկրներից:

Ի թիվս այլ հարցերի, այս տարվա համաժողովի գլխավոր թեման ռուս-ուկրաինական հակամարտությունն է: 1963 թվականից սկսած Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության կարևոր որոշումների կայացման հարթակը:
 
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՐԱԳԱՑՆԵԼ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է նախապատրաստում։ Ուկրաինայի առաջնորդը, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել։ Վոլոդիմիր Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ապահովել, որպեսզի ռուսական ագրեսիան փլուզվի այս տարի, եթե իհարկե ստանա իրեն անհրաժեշտ սպառազինությունը: Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր երկրի համար «տանկային կոալիցիա» է ստեղծվել, հեռահար հրթիռների մատակարարման արգելքը հանվել է:

Նրա խոսքով՝ աշխարհն արդեն գիտակցում է, թե որքան կարևոր է գլոբալ անվտանգության տեսանկյունից Ուկրաինայի համար «ավիացիոն կոալիցիա» ստեղծելը։ Նա ևս մեկ անգամ կոչ է արել Արևմուտքին՝ արագացնել զենքի մատակարարումները:
 
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՎ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ

Ուկրաինայում երկարատև և արդար խաղաղություն հաստատելը հնարավոր է բացառապես զենքի մատակարարման միջոցով՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում: Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ պետություններին խնդրել էր Կիևին փոխանցել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ տանկեր։

Ստոլտենբերգնը նաև նշել է, որ հակամարտությունը վաղ թե ուշ պետք է ավարտվի բանակցություններով, բայց դրանց արդյունքը կախված կլինի ռազմի դաշտում ստեղծված իրավիճակից:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՌԴ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ԵԿԵԼ. ՄԱԿՐՈՆ

Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսության ժամանակը դեռ չի եկել՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի ամենամյա համաժողովում: «Մենք պետք է ուժ և խիզախություն ունենանք երկխոսությունը վերականգնելու և կայուն որոշում գտնելու համար: Բայց հասկանալի է, որ հիմա այդ երկխոսության ժամանակը չէ»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ չի լինի կայուն և լիարժեք խաղաղություն առանց Ռուսաստանի գործոնը հաշվի առնելու: Մակրոնը նշել է նաև, որ չի հավատում Ռուսաստանում իշխանափոխության հնարավորությանը:

ՌԴ ԶՈՒ-Ն ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԳՐԱՆՑԵԼ ԲԱԽՄՈՒՏՈՒՄ. ՔԻՐԲԻ

Սպիտակ տունը հաստատել է, որ ռուսական զինված ուժերը հաջողություններ են գրանցել Բախմուտում: Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ռուսական բանակը վերջին երկու օրվա ընթացքում առաջընթաց է գրանցել Բախմուտ քաղաքի վրա հարձակողական գործողությունների ժամանակ:

Քիրբին նշել է նաև, որ եթե Բախմուտը հայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ, դա դեռ չի նշանակի, թե Մոսկվան ռազմական տեսանկյունից ազդեցություն է ունենում ամբողջ պատերազմի վրա:

ԹԵՀՐԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԽԱՂԱՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ. ՔԱՆԱՆԻ

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը և կառուցողական համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Քանանին հանդես է եկել այս հայտարարությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարության, որոնք Իրանն անվանել են «տարածաշրջանում խաղաղության սպառնալիք»։

Քանանին Իրանի հասցեին նմանօրինակ հայտարարություններն անվանել է «հաճախ կրկնվող» և «հոգնեցուցիչ»:

«Նման հայտարարությունները համապատասխանում են տարածաշրջանի երկրների միջև պառակտում սերմանելու ամերիկյան ռեժիմի դարավոր ռազմավարությանը»,- ասել է Քանանին:

Անդրադառնալով Իրանի միջուկային գործունեության դեմ ուղղված մեղադրանքներին՝ խոսնակն ընդգծել է, որ երկիրը կշարունակի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իր ծրագիրը «չնայած առկա քաղաքական ճնշումներին և քարոզչական զրպարտչական արշավներին»։

Քանանին նշել է, որ Թեհրանը հավատում է տարածաշրջանային դիվանագիտությանը և ձգտում է տարածաշրջանային ճգնաժամները լուծել քաղաքական լուծումների միջոցով: Օրեր առաջ Էր-Ռիադում կայացած հանդիպումից հետո, ԱՄՆ-ն ու Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը համատեղ հայտարարության մեջ, կրկնել են Իրանի դեմ ուղղված մեղադրանքները:

Հայտարարության մեջ մտահոգություն է հնչել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, և Թեհրանին կոչ է արվել լիարժեք համագործակցություն ծավալել ԱԷՄԳ-ի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում