Ընդդիմության գործունեությունը հենված է թշնամու արած քայլերից դիվիդենտներ ստանալու վրա. ԱԺ նախագահ

ԼԼիլիթ Ասատրյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը չի կարող հասարակությանը շեղել օրակարգային խնդիրներից: Արձագանքելով ընդդիմության քննադատությանը, թե «քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկումը բեմականացում է»` նշեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ազգային ժողովի խոսնակն ափսոսանք հայտնեց, որ Օհանյանի վերաբերյալ հարցը քննարկվել է փակ ռեժիմով:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Ես չեմ կարծում, որ ընդդիմության որևիցե գործողություն իրենց վերջին ակցիաներից հետո կարող է ՀՀ ժողովրդին որևիցե բանից շեղել: Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում: Եվ իրենց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների, թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ և օրակարգեր ձևավորելու վրա:

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՊՆ 71 ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆԸ

Սիմոնյանն անդրադարձավ նաև ընդդիմության հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ 71 զորամաս է դրվել վաճառքի: Զուգահեռ տանելով Սեյրան Օհանյանին վերագրվող մեղադրանքին` խորհրդարանի նախագահն ընդգծեց՝ պետք է հաշվի առնել, թե ինչ պայմաններում, ում և ինչ գնով է վաճառվել զորամասը, պարզել նաև, թե ինչ է արվել այդ գումարը:

Ալեն Սիմոնյան - Այլ հարց է, երբ որ դու զորամասը վաճառում ես x ցածր գնով, հետո տանում ես շատ ավելի թանկ գրավադրում ես դա այլ բանկում, այդ գումարներն ուղղում ես անձնական ինչ-որ բաների, եթե լքված է, անպետք գույք է...

Ազգային ժողովի նախագահը քննարկվող հարցի համատեքստում խոսեց նաև Ազգային հերոսի կոչում շնորհելու ինստիտուտի մասին, կարծիք հայտնեց՝ եկել է ժամանակը, որ հերոսի կոչումից զրկվի արտակարգ իրավիճակների նախկին նախարար, այժմ կալանավորված Անդրանիկ Փիլոյանը: Նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Ալեն Սիմոնյան - Հասկանանք, թե արդյոք այն մարդիկ, ում դեպքում որ հետագայում դատավճիռ կլինի, պե՞տք է շարունակեն մնալ: Ես կարծում եմ, որ եթե օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կլինի, այդ մարդիկ չպետք է ունենան:

ՄԵՐ ՈՒԶԱԾՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՍՏԱԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԷՐ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է երկու օրում Հայաստան գործուղել դիտորդական առաքելություն, եթե հայկական կողմը նման պահանջ ներկայացնի, Ալեն Սիմոնյանը թերահավատորեն է վերաբերվում: Ազգային ժողովի նախագահի համար անընդունելի է նաև, որ ռուս պաշտոնյաները չեն խոսում Խովաևի առաջարկած տարբերակին Հայաստանի համաձայնություն տալու մասին: Այն ենթադրում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորում՝ կարգավիճակի հարցն ապագային թողնելով:

Ալեն Սիմոնյան - ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի ղեկավարը իր կարծիքն էր ասում Ադրբեջանի հետ կապված, Իլհամ Ալիևի հետ կապված, ես չգիտեմ՝ այդ ինչ է փոխվել, որովհետև այն, ինչ մենք ուզում էինք ու պահանջում էինք, ընդամենը քաղաքական հստակ գնահատական էր: Իրենք այդ քաղաքական հստակ գնահատականից նույնիսկ հետ կանգնեցին:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև անցած տարվա դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների փակած Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, ընդգծեց՝ դիվանագիտական առումով Հայաստանն այս «ճակատամարտը» լավ է տանում, իսկ միջազգային հանրությունը գրեթե ամբողջությամբ համաձայն է, որ ճանապարհի բացման պատասխանատուն Ադրբեջանն ու Ռուսաստանն են:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում