Հայաստանում մեկնարկել է 2023-ի գյուղապահովագրության գործընթացը

ՎՎահե Կոստանդյան

Ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, ցորեն, գարի, վարսակ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, բալ ու կեռաս ունեցող ֆերմերներն արդեն կարող են ապահովագրել իրենց այգիներն ու ցանքատարածքները՝ ընդհանուր 13 մշակաբույս:

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Նախորդ շաբաթ Կառավարությունը հաստատեց ապահովագրության ծրագիրը, համաձայն որի՝ փետրվարի 1-ից մեկնարկում է գյուղատնտեսության ապահովագրությունը:

Արդեն երեք տարի երկրում իրականացվող ապահովագրության փորձնական ծրագրին Կառավարությունն այս տարի ևս ֆինանսական աջակցություն կցուցաբերի, որից ուղղակիորեն կօգտվեն ֆերմերային տնտեսությունները: Ապահովագրավճարների գումարի 50-60 տոկոսը կփոխհատուցվի պետական միջոցներից:

Արման Խոջոյան - Օրինակ՝ նախորդ տարի՝ 2022 թվականին, հավաքվել է ընդհանուր առմամբ 866 միլիոն դրամ ապահովագրավճար, որի շուրջ 60 տոկոսը փոխհատուցել է Կառավարությունը:

Հատկապես անցած տարվա փորձը ցույց տվեց, որ գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը գործում է հօգուտ ֆերմերների: Վճարած 866 միլիոն դրամի դիմաց ֆերմերներին փոխհատուցվել է մեկ միլիարդ երեք հարյուր հազար դրամ: Կնքվել էր ավելի քան հինգ հազար պայմանագիր, որից շուրջ երկու հազար հարյուր ֆերմեր վնասի փոխհատուցում է ստացել: Ծրագրի շրջանակում ֆերմերներն այս տարի կարող են ապահովագրել 13 մշակաբույս՝ պաշտպանելով իրենց բերքը բնակլիմայական երեք ռիսկից՝ կարկուտից, հրդեհից և ցրտահարությունից: Հաշվի առնելով տարեցտարի փոփոխվող բնակլիմայական պայմանները՝ անցած տարի փորձնական ապահովագրեցին նաև սակավաջրության ռիսկից: Փորձը ցույց տվեց, որ այն ևս անհրաժեշտ է ֆերմերներին: Այս տարի որպես նորույթ նրանք կարող են օգտվել նաև այդ ապահովագրատեսակից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում