Ուկրաինայի օրենսդրությունը խոչընդոտում է խաղաղ կարգավորումը. Պեսկով

ՄՄերի Ներսիսյան

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՌԴ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՊԵՍԿՈՎ

Հաշվի առնելով Ուկրաինայում գործող օրենսդրությունը՝ Կիևը բացառում է Մոսկվայի հետ բանակցությունների հնարավորությունը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Վոլոդիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն ասել էր, որ Ուկրաինան չի հրաժարվում բանակցություններից, բայց կարծում է, որ դրանք պետք է հիմնված լինեն հստակ սկզբունքների վրա, որոնք ներառում են, այդ թվում՝ վնասի փոխհատուցում։ Լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվայի համար ընդունելի՞ է Կիևի կողմից փոխհատուցման պահանջը, Պեսկովը պատասխանել է, որ Ուկրաինայի օրենսդրությունը Կիևին թույլ չի տալիս խաղաղ ճանապարհով կարգավորել երկրում ստեղծված իրավիճակը:

ԿԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ԶԵՆՔ. ԼԱՅԵՆ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ստանա ցանկացած տեսակի զենք, որը կարող է օգտագործել պատերազմում: «Եվրամիությունը չունի զորք, բայց ես հենց սկզբից հայտարարել եմ, որ Ուկրաինան պետք է ստանա ռազմական ցանկացած աջակցություն, որն իրեն անհրաժեշտ է, այդ թվում՝ ժամանակակից համակարգերը»,- շեշտել է Լայենը՝ CNN-ին տված հարցազրույցում։ Մոսկվան արձագանքել է Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությանը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տելեգրամի իր ալիքում գրել է. «Ֆոն դեր Լայենը կոչ է արել Ուկրաինային տրամադրել ցանկացած տեսակի զենք. միգուցե միջուկայի՞ն»:

ԶԱԷԿ-Ի ՇՈՒՐՋ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՈՒՄՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Կիևին և Մոսկվային կոչ է արել հնարավորինս արագացնել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծման գործընթացը:

«Ես դեռ հույս ունեմ, որ մոտ ապագայում կողմերը համաձայնության կգան: Ակնկալում եմ, որ այս շաբաթ առաջընթաց կգրանցվի Կիևում Ուկրաինայի կառավարության հետ հանդիպումներից հետո: Ես կշարունակեմ նաև խորհրդակցությունները Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ռաֆայել Գրոսին:

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԷ. ԲԼԻՆՔԵՆ

Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի վերականգնումը ներկայումս բանակցությունների սեղանին չէ՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Էնթոնի Բլինքենը հայտարարել է. «Իրանցիներն ամիսներ առաջ «սպանեցին» այս համաձայնագրին արագ վերադառնալու հնարավորությունը, բանակցությունների շարունակման հնարավորություն կար, որը նրանք մերժեցին։

Դա մեր օրակարգում չէ»,- նշել է պետքարտուղարը՝ հավելելով, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում այս պահին Իրանի կողմից Ռուսաստանին զենքի մատակարարման թեման է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում