Ուկրաինայում իրավիճակը սասանել է համաշխարհային աշխարհակարգի հիմքերը. Էրդողան

ՄՄերի Ներսիսյան

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման համաձայնեցման աշխատանքները շարունակվում են, բայց նրանք առնվազն կարող են ոչ ֆորմալ ձևով խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։ «Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ երեք առաջնորդները հնարավորություն կունենան խոսելու»,- նշել է Դմիտրի Պեսկովը։

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՌԴ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուկրաինայում իրավիճակը սասանել է համաշխարհային աշխարհակարգի հիմքերը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարների հետ եռակողմ գագաթնաժողովի ընթացքում: Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության բացասական հետևանքներն արդեն տեսանելի են բազմաթիվ ոլորտներում։ Նա շեշել է, որ Անկարան ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ «Մենք տեսանք, որ խաղաղության ճանապարհ հնարավոր է բացել, որպես օրինակ՝ հացահատիկի համաձայնագիրն ու գերիների փոխանակումը»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ թուրքական կողմը շարունակում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ բանակցությունները:

Թուրքմենբաշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարների համատեղ գագաթնաժողովը, որի շրջանակում քննարկվել են էներգետիկայի, առևտրի, տնտեսության, մաքսային, տրանսպորտի, գիտության, կրթության և մշակույթի հարցեր։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԽՆԴՐԵԼ Է ԿԻԵՎԻՆ ԱՋԱԿՑԵԼ 12 ՄԼՐԴ ԵՎՐՈՅՈՎ
Փարիզում տեղի ունեցած Ուկրաինային աջակցելու միջազգային համաժողովի մասնակիցներին Զելենսկին խնդրել է աջակցել Կիևին 12 միլիարդ եվրոյով՝ Ուկրաինայի ենթակառուցվածքները վերականգնելու համար: «Ընդհանուր առմամբ, ռազմական գործողություններից վնասվել է 11 շրջան, վերականգնման կարիք ունի 50 հազարից ավելի օբյեկտ, ինչի համար կպահանջվի 12 միլիարդ եվրո: Միայն էներգետիկ ոլորտը մոտ 800 միլիոն եվրոյի հրատապ օգնության կարիք ունի»,- ասել է Ուկրաինայի նախագահը համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Փարիզում միջազգային համաժողովի ավարտին Ուկրաինայի օգնության համար հավաքված գումարը կազմել է մոտ 1 միլիարդ եվրո։

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՔԻՉ ԳՈՒՄԱՐ ԾԱԽՍԵԼ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հավատացյալներին այս տարի ավելի քիչ գումար ծախսել Սուրբծննդյան տոնախմբությունների վրա, տնտեսել գումար և դրանով օգնել Ուկրաինային: Հռոմի Պապի խոսքով՝ ուկրաինացիներն այս օրերին անչափ խոցելի են սովի, ցրտի նկատմամբ: «Եկեք նրանց համար հստակ քայլ անենք»,- հայտարարել է պոնտիֆիկոսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում