Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հեռախոսազրույց են ունեցել

ԴԴիանա Գասպարյան

ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ԵՎ ԴՈՆՖՐԻԴԸ

Տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ կարգավորման գործընթացը և դրա հեռանկարները: Մտքեր են փոխանակվել նաև խաղաղության հնարավոր պայմանագրի, տարածաշրջանում հաղորդակցությունների բացման և սահմանի սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։

Դոնֆրիդն ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է տարածաշրջանում կայունության հաստատմանը և խաղաղության գործընթացի զարգացմանը՝ կողմերի միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԱԼԻԵՎԻՆ` ԲԱՔՈՒ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ

2022 թ. փետրվարին Եվրոպական խորհրդարանի անդամներ Էնգին Էրօղլուն և Ֆրանկ Բոգովիչը կողմ են քվեարկել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և պատմական ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևին։ Սակայն Ադրբեջան այցելելուց հետո նրանց կողմից քննադատությանը փոխարինելու եկավ բռնապետության գովեստը, գրում է Blankspot լրագրողական հարթակը։

«Սեպտեմբերի վերջին խորհրդարանականների այցի համար վճարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ըստ օրենքի՝ արգելվում է 150 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ընդունել կամ էլ հարկավոր է հայտարարագրել այդ նվերները: Ո՛չ Բոգովիչը, ո՛չ Էրօղլուն չեն տեղեկացրել ո՛չ ուղևորության, ոչ էլ 150 եվրոյից ավելի արժողությամբ նվերներ ստանալու մասին», - ասված է հոդվածում։

Այցելությունից հետո Ֆրանկ Բոգովիչն իր բլոգում դրական գրառում է կատարել Ադրբեջանի նախաձեռնությունների մասին։ Էնգին Էրօղլուն էլ Facebook-ի էջում գրել է, թե Ադրբեջանը լավ գործընկեր է գազի ներկրման հարցում՝ հատկապես հաշվի առնելով, որ «Ռուսաստանը էներգետիկ պատերազմ է սկսել Եվրոպայի դեմ»:

Հրապարակման հեղինակն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում գազի արդյունահանման 20 տոկոսը և Ադրբեջանից դեպի ԵՄ անցնող գազատարների զգալի մասը պատկանում է ռուսական «ԼուկՕիլ» ընկերությանը:

«Չի բացառվում նաև, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում, որ կատարի գազի մատակարարման հետ կապված ԵՄ-ին տված խոստումները»,- եզրափակում է Blankspot-ը:

ԽՈՐՎԱԹԻԱՆ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒՄ Է

Խորվաթիան Շենգենյան գոտում է: Նման որոշում են կայացրել Եվրամիության խորհրդի ՆԳ նախարարները: Բուլղարիայի և Ռումինիայի դեպքում որոշումը, սակայն, բացասական է: Այդ երկրները Շենգենյան գոտում դեռևս չեն ներառվում՝ չնայած Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ մի շարք երկրների համառ կոչերին: Նախաձեռնությանը դեմ են քվեարկել Ավստրիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։

ՌԴ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուս գործարար Վիկտոր Բուտին, որը 2012 թվականին զենքի ապօրինի առևտրի և ահաբեկչությանն աջակցելու մտադրության համար ԱՄՆ-ում դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման, հնարավոր է եղել փոխանակել ԱՄՆ քաղաքացի, բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետ, որը 2022 թվականի փետրվարին Ռուսաստանում ձերբակալվել էր թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվելու համար: Նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Փոխանակումն իրականացվել է Աբու Դաբիի օդանավակայանում:

Ջո Բայդենը հայտնել է, որ Գրայներն այժմ ուղևորվում է Միացյալ Նահանգներ, նա ընդգծել է՝ Վաշինգտոնը և Մոսկվան երկար և լարված բանակցություններ են վարել փոխանակման շուրջ:

ՌԴ ԱԳՆ-ի տվյալով՝ Բուտն արդեն Ռուսաստանում է:

Ռուսաստանի Մարդու իրավունքների հանձնակատարի խոսքով՝ մինչև փոխանակումը Վիկտոր Բուտին և Բրիթնի Գրայներին ներում է շնորհվել, հետևաբար, նրանք ստիպված չեն լինի պատժի մնացած մասը կրել իրենց երկրներում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում