Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերություններում «ոսկե դարաշրջանն» ավարտվել է. Սունակ

ԴԴիանա Գասպարյան

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, անդրադարձել երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի։ «Նախարարները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում Բաքվի, Անկարայի և թյուրքալեզու մյուս երկրների գործակցության հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական միությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


ԹՈՒՐՔԻԱՆ ԿՊԱՅՔԱՐԻ ՔՐԴՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Թուրքիան պայքարելու է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, քանի դեռ այդ խմբավորման վերջին զինյալը չի չեզոքացվել՝ նախարարների կաբինետի նիստից հետո հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան հաստատակամ է երկրի հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում։

Էրդողանը նաև անընդունելի է համարել այն փաստը, որ, նրա խոսքով, մի շարք երկրներ աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին:

«Ոչ ոքի չպետք է մտահոգի Թուրքիայի քաղաքականությունը, որը հիմնված է արդարության, բարեկամության և գործակցության սկզբունքների վրա»,- հավելել է նախագահը։


ՍԻՐԻԱՅՈՒՄ ՕԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի հյուսիսում օդային գործողությունից բացի ցամաքային գործողություն անցկացնելու մտադրության մասին։ Լրատվամիջոցների տվյալով՝
Սիրիային սահմանակից շրջաններում տեղակայված թուրքական ստորաբաժանումներն ավարտել են ցամաքային գործողության նախապատրաստական աշխատանքները և սպասում են այն սկսելու հրամանին:
Մինչ այդ օդային գործողությունը շարունակվում է, Սիրիայի Հալեպ նահանգի սահմանամերձ առնվազն 19 բնակավայր է թիրախավորվել: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ թուրքական ուժերն արձակել են 545 արկ, զոհվել է սիրիացի 3 զինծառայող: Al Jazeera-ն տեղեկացնում է, որ Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքից պահանջել է դուրս բերել իր կազմավորումները Թել Ռիֆաթից, Մանբիջից և Քոբանիից:
Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ Թուրքիայի նպատակն է վերջ տալ Սիրիայում 11 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին։ «Անկարան նաև ուզում է կենդանացնել Սիրիայում քաղաքական գործընթացը, այդ թվում՝ սահմանադրության մշակման հարցով»,- հավելել է արտգործնախարարը։


ՍԻՐԻԱՅՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Մոսկվայի խնդիրն է՝ հասկացնել Անկարային, որ Սիրիայում ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ։

«Դա կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում զոհերի, գործողությունը կարող է բարկացնել Սիրիայի քրդերին, բռնության նոր ալիքի պատճառ դառնալ հենց Թուրքիայի տարածքում։ Չեմ կարծում՝ Թուրքիայի ղեկավարությանը դա պետք է 2023 թվականի նախագահական ընտրությունների շեմին»,- ընդգծել է Լավրենտևը:

Նա նաև նշել է, որ նախապայմաններ չի տեսնում Սիրիայի և Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման համար: Պաշտոնյայի խոսքով՝ այդ երկու երկրի միջև շփումը շարունակվում է հատուկ ծառայությունների մակարդակով։

Լավրենտևն արձագանքել է նաև Անկարայի մեղադրանքներին, թե ռուսական կողմը չի կատարում Սիրիայի հարցով պայմանավորվածությունները և չի աջակցում Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական զինված կազմավորումների դուրսբերմանը։ «Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները: Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ դուրս բերել քրդական բոլոր կազմավորումները 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց։ Բայց ամենակարևորն արվել է՝ այդ կազմավորումներն այլևս ուժ չեն կիրառում: Լինում են սադրանքներ, սակայն քրդերը Թուրքիայի տարածքում Թուրքիայի դեմ ոչ մի գործողություն չեն ձեռնարկում»,- մանրամասնել է ռուս պաշտոնյան։


«ՈՍԿԵ ԴԱՐԱՇՐՋԱՆՆ» ԱՎԱՐՏՎԵԼ Է. ՍՈՒՆԱԿ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ իր երկիրը պրագմատիկ մոտեցում է ցուցաբերելու՝ ի պատասխան Ռուսաստանի և Չինաստանի գործողությունների։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մարտահրավեր է նետում ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին, իսկ Չինաստանը պայքարում է համաշխարհային ազդեցության համար՝ օգտագործելով իշխանության բոլոր լծակները։

Սունակի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերություններում «ոսկե դարաշրջանն» ավարտվել է: Նա հավելել է, որ 2023 թվականին կառավարությունը Միացյալ Թագավորության անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգ կներկայացնի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական փոփոխությունները:

Նա նաև հավատացրել է, որ Լոնդոնը գործընկերների հետ կշարունակի աջակցություն տրամադրել Կիևին, կփորձի փոխել հարաբերությունները Եվրոպայի հետ և ինտեգրվել «Եվրոպական քաղաքական համայնքին»։ Սունակը միաժամանակ հավատացրել է, որ Մեծ Բրիտանիան չի պատրաստվում օրենսդրական նորմեր փոփոխել՝ համապատասխանեցնելու դրանք Եվրամիության իրավական նորմերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում