Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը՝ խնդրի լուծման բանալի. Վեդանտ Պատել

ԴԴիանա Գասպարյան

ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻ

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շարունակական մասնակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովման գործում ԱՄՆ հանձնառության ուղղակի արդյունք է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա՞ն պայմանավորվածություններ Վաշինգտոնի հովանի ներքո Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետագա հանդիպումների վերաբերյալ, դիվանագետը նշել է, որ ժամկետների մասին տեղեկություններ չունի:

Պատելի խոսքով՝ պետքարտուղար Բլինքենը մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցին:

«Մենք հավատում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդրի լուծման բանալին է, և այդ պատճառով մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ այդ գործընթացում»,- ասել է Պատելը:

ԻԳՈՐ ԽՈՎԱԵՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ. ՌԴ ԱԳՆ

Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական նշանակության տրանսպորտային հանգույց է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայատարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Իվան Նեչաևը՝ ողջունելով է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջերս պլանային այց է կատարել Երևան, հայ գործընկերների հետ օգտակար քննարկումներ ունեցել Սոչիում հոկտեմբերի 31-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասով:

«Առաջիկայում սպասվում է նաև Խովաևի այցը Բաքու»,- նշել է Նեչաևը:

ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է 120 ՕՐՈՎ. ԷՐԴՈՂԱՆ

Սևծովյան «հացահատիկի նախաձեռնությունը» երկարաձգվել է 120 օրով՝ սկսած 2022 թ. նոյեմբերի 19-ից՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահը:

Ռեջեփ Էրդողանը նշել է, որ որոշումն ընդունվել է Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թուրքիայում ձեռք բերված քառակողմ պայմանավորվածությունների շրջանակում: Նրա խոսքով՝ չորս ամսում «հացահատիկի միջանցքով» շուրջ 500 նավով փոխադրվել է ավելի քան 11 մլն տոննա գյուղատնտեսական արտադրանք:

Էրդողանը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկուն՝ հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում ցուցաբերած կամքի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում