Ամբողջ աշխարհը և ԱՄՆ-ը Ուկրաինայի կողքին են. Բլինքեն

ՄՄերի Ներսիսյան

ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՔԻՆ Է. ԲԼԻՆՔԵՆ

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովներին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Խերսոնում ուկրաինական կողմի գրանցած հաջողությունները ևս մեկ անգամ վկայում են Ուկրաինայի զինված ուժերի խիզախությունը: Նա նշել է, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ուկրաինայի կողքին է:

«Աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- նշել է Բլինքենը: Կուլեբան շնորհակալություն է հայտնել Միացյալ նահանգներին և Ամերիկայի ժողովրդին, որոնք, Ուկրաինայի արտգործնախարարի խոսքով, ստիպեցին Ռուսաստանին նահանջել: «Միասին կարող ենք հաղթել և դուրս մղել Ռուսաստանին Ուկրաինայից: Մեր հաղթանակը ճանապարհին է»,- հայտարարել է Կուլեբան:
 

ՌԴ ՀԵՏ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍԱՌԵՑՎԻ. ԴԱՆԻԼՈՎ

Ռուսաստանի հետ հակամարտությունը չի սառեցվի. ուկրաինական բանակի առաջ խնդիր է դրված շարունակել երկրի ազատագրումը՝ հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: «Մենք կարող ենք ազատագրել մեր տարածքները՝ անկախ եղանակից: Նախագահը խնդիր է դրել ազատագրել Ուկրաինայի բոլոր տարածքները»,- ասել է Դանիլովը։
 

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՄԲՈՋԱՅՈՒՄ Է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պնոմպենում հանդիպում է Կամբոջայի վարչապետի և Ասիայի պետությունների ասոցիացիայի նախագահի հետ: Հանդիպումից հետո նախատեսվում է Բայդենի ելույթը ԱՄՆ-ԱՍԵԱՆ տարեկան գագաթնաժողովում: Նա նաև կմասնակցի ԱՍԵԱՆ-ի ղեկավարների հետ ընտանեկան լուսանկարի արարողությանը:

Միջոցառման օրակարգում համաշխարահային կարևորություն ներկայացնող հարցեր են, այդ թվում իրավիճակն Ուկրաինայում, Թայվանի նեղուցի հարցը, Հյուսիսային Կորեայի շուրջ տարածաշրջանային լարվածությունը, բնապահպանական հարցեր:
 

ԱՄՆ-Ը ՃՆՇՈՒՄ ՉԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎՐԱ. ՍԱԼԻՎԱՆ

ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Նախ՝ Ուկրաինան պետք է որոշի, թե երբ և ինչպես է ցանկանում բանակցել: Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի։ Մենք չենք ճնշի նրանց: Երկրորդ՝ մենք հավատում ենք ազնիվ խաղաղությանը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, որոնք մենք չենք հորինել, դրանք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կրկնապատկում է ռազմական ջանքերն Ուկրաինայում, ինչը չի վկայում բանակցությունների պատրաստակամության մասին: Միևնույն ժամական Սալիվանը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պատշաճ ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին՝ վերջինիս դիրքերն ամրապնդելու ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ:

Անդրադառնալով Խերսոնից ռուսական ուժերի դուրսբերմանը՝ Սալիվանը կարծիք է հայտնել, որ դա ռազմավարական առումով կարևոր իրադարձություն էր:
 

ՇՎԵԴԻԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՉԻ ՏԵՂԱԿԱՅԻ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ
 

Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալուց հետո միջուկային զենք չի տեղակայի իր տարածքում՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը: Դիվանագետի խոսքով՝ Ստոկհոլմը կհետևի հարևան Դանիայի և Նորվեգիայի օրինակին, որոնց տարածքում նման սպառազինություն չկա:

«Սա Չափավոր կոալիցիոն կուսակցության երկարաժամկետ դիրքորոշումն է։ Մենք երբեք մտադրություն չենք ունեցել փոխել նախորդ կառավարության ներկայացրած հայտի պայմանները»,- հավելել է Բիլստրոմը:
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ. ԷՐԴՈՂԱՆ

Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, գրեթե առանց սահմանափակման հարձակվում է Ռուսաստանի վրա՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Ռուսաստանը սովորական պետություն չէ, այն հզոր պետություն է և կարողանում է դիմադրել»՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է «խաղաղության միջանցք բացել»։

«Լավագույն ճանապարհը երկխոսությունից խաղաղություն տանող ճանապարհն է»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը տեղեկացրել է նաև, որ առաջիկա օրերի ընթացքում մտադիր է բանակցություններ վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և պարզել, թե ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել Մոսկվան այս ուղղությամբ։

Պուտինի հետ խոսելուց հետո Էրդողանը նախատեսում է զրույց ունենալ Վոլոդիմիր Զելենսկու հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում