Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն

ԴԴիանա Գասպարյան

ԲԱՅԴԵՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Վոլոդիմիր Զելենսկին և Ջո Բայդենը քննարկել են Կիևին հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հնարավորությունը: Սպիտակ տան ղեկավարը Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցում խոստացել է ժամանակակից ՀՕՊ համակարգեր տրամադրել և վստահեցրել, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել ռազմական աջակցությունը Կիևին, այդ թվում՝ տնտեսության, անվտանգության և հումանիտար ոլորտներում։

«Ջո Բայդենը նաև դատապարտել է Ռուսաստանի հրթիռային հարվածները Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Մոսկվան արձագանքել է Բայդենի և Զելենսկու հեռախոսազրույցին. Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները հաստատում են, որ Վաշինգտոնը հակամարտության կողմ է՝ հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանը։

«Կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին չհատել «կարմիր գծերը», որոնց նրանք արդեն շատ են մոտեցել»,- զգուշացրել է Անատոլի Անտոնովը:

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զգուշացնում է պայթյունների հավանականության մասին։ Քաղաքացիներին կոչ են անում մնալ ապաստարաններում։

ԶԼՄ-ների տվյալով՝ պայթյուններ են լսվել Օդեսայում, Զապորոժիեում և այլ քաղաքներում:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Ուկրաինան դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը՝ հայտնել են էներգետիկայի նախարարությունից։
«Ռուսաստանի հրթիռային հարձակումները, վնասել են էլեկտրական ենթակայաններ, և Կիևը ստիպված է հոկտեմբերի 11-ից դադարեցնել էլեկտրաէներգիայի արտահանումը՝ կայունացնելու սեփական էներգահամակարգը»,- պարզաբանել են կառույցում։

Երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ տեղեկացրել են, որ Ուկրաինայի ավելի քան 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Նշվում է նաև, որ նախօրեին տեղի ունեցած պայթյունների հետևանքով առաջացած հրդեհի 30 օջախ մարվել է։

ԱԼԲԱՆԻԱՆ ԽԱԽՏԵԼ Է ՄԱԿ ԳԱ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ. ՌԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանում ստեղծված իրավիճակն ուղղակի անընդունելի է՝ հայտարարել է կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Ռուսաստանը ցանկանում էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան գաղտնի քվեարկություն անցկացնի Ռուսաստանին դատապարտող ամերիկյան բանաձևի վերաբերյալ: Փաստաթուղթը վերաբերում է Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում հանրաքվեների արդյունքներին: Սակայն Ալբանիան, խախտելով ընթացակարգը, քննարկումների մեկնարկից առաջ առաջարկեց բաց քվեարկություն անցկացնել: ՄԱԿ-ի ողջ պատմության ընթացքում նման բան չի եղել»,- զայրույթ է հայտնել Նեբենզյան:

Բանաձևի նախագիծը ներկայացրել են ԱՄՆ-ը և Ալբանիան. Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Ասամբլեան ողջունում է Գլխավոր քարտուղարի և անդամ երկրների ջանքերը, կոչ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, նպաստել իրավիճակի լիցքաթափմանը և քաղաքական երկխոսության միջոցով խաղաղության հաստատմանը։ Ռուսական լրատվամիջոցների տվյալով՝ փաստաթղթի ներածական մասում հիշատակվում էին նաև Ղրիմն ու Սևաստոպոլը, սակայն վերջնական փաստաթղթի տեքստից այդ դրույթները հանվել են:

ՎԱՐԺԱՆՔՆԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները Կախեթի շրջանում մասնակցում են «Կովկասի արծիվ-2022» զորավարժություններին՝ հայտնում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից։

Հաղորդագրության համաձայն՝ համատեղ զորավարժությունների նպատակն է բարելավել երեք երկրի համապատասխան ուժերի կարողությունները, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնել: Նախորդ տարի «Կովկասի արծիվ» զորավարժություններն անցկացվել են Թուրքիայում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում