Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան. ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկել են Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան

ԼԼիլիթ Ասատրյան

Մհեր Մարգարյան (ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ) - Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան, Հայաստանի արևելյան հարևանը, որը մի քանի անգամ ավելի մեծ է տարածքով, բնակչությամբ և ռեսուրսներով, և որի թշնամական վարքագծի, հռետորաբանության և անվերահսկելի, անհամաչափ բռնությունը կարելի է համարել բռնության ամենավտանգավոր օրինակը: Նա բացարձակ անտեսում է միջազգային իրավունքի ցանկացած դրույթ ու նորմ և բացահայտում է տարածաշրջանում պատերազմներ, ավերածություններ և անկայունություն հրահրելու հստակ մտադրությունը:

Մենք հաղորդումներ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է: Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի հասնի իր նպատակին և բացի արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով:

Ադրբեջանի ներկայացուցիչն այստեղ է՝ հիմնավորումներ ներկայացնելու իրենց երկրի գիշատիչ պահվածքի համար։ Չսխալվե՛ք. չկա ոչ մի հիմնավորում, համենայն դեպս՝ միջազգային իրավունքի համաձայն:

Նիկոլա դը Ռիվիեր (ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ) - Ֆրանսիան իր գործընկերների հետ փորձում է խրախուսել հարգել հրադադարը: Նախագահ Մակրոնը խոսել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, արտգործնախարարը ևս զրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:

Երեք հիմնական ուղերձ է հղվել: Առաջին՝ 2020 թ. նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն: Դա անշեղ առաջնահերթություն է: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես բանակցությունների ճանապարհով: Երկրորդ՝ հաշվի առնելով ադրբեջանական ուժերի առաջխաղացումը սահմանի որոշակի հատվածից դուրս՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:

Երրորդ՝ կողմերը պետք է ակտիվացնեն քննարկումները՝ լուծելու մնացած հարցերը: Կողմերին կոչ ենք անում առաջ շարժվել հատկապես սահմանազատման և սահմանագծման հարցերում, ինչպես նաև նոր միջադեպեր թույլ չտալու ուղղությամբ, մասնավորապես՝ ուժերի հետքաշման միջոցով:

Ռիչարդ Միլս (ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ) - Խորապես անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բռնություններով, ներառյալ՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունների մասին տեղեկություններով: ԱՄՆ-ը ներգրավված է եղել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության հետ երկխոսության մեջ, և մենք արտահայտել ենք մեր խոր մտահոգությունը՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Մեզ, մասնավորապես, անհանգստացնում են Հայաստանի տարածքում տուժած քաղաքացիական անձանց մասին տեղեկությունները:

Բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն միջազգային մարդասիրական իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ ներառյալ խաղաղ բնակչությանը պաշտպանելուն վերաբերող դրույթները: ԱՄՆ-ը հաստատակամ է մեկ հարցում՝ հակամարտությանը զինված լուծում չի կարող լինել: Երկու կողմերին հորդորում ենք վերականգնել դիվանագիտական և ռազմական ուղիներով հաղորդակցության խողովակները և վերադառնալ դիվանագիտական գործընթացին: Անհրաժեշտ է հասնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնացող բոլոր հարցերի բանակցված և համակողմանի լուծմանը:

Վասիլի Նեբենզյա (ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ) - Ակնհայտ է, որ մենք երկու երկրների հաշտեցման դժվարին ճանապարհի դեռ սկզբում ենք։ Համոզված ենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կատարումը մնում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը։ Բոլոր երեք փաստաթղթերը բարդ են, անքակտելիորեն կապված, և դրանց դրույթները բխում են մեկը մյուսից: Դրանց իրականացումը պայմաններ կապահովի Հարավային Կովկասում կայուն խաղաղության ձևավորման համար, որը բխում է ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլև նրա բոլոր հարևանների շահերից։

Ռուսաստանը հաստատակամ է շարունակելու Բաքվին և Երևանին տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն՝ պայմանավորվածությունները երկու կողմերի համար ընդունելի ձևերով և ծավալներով կյանքի կոչելու համար։ Կայուն արդյունքների հասնելը կպահանջի ժամանակ և զգալի ջանքեր ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի կողմից, ինչպես նաև միջազգային հանրության միասնություն։ Աշխարհաքաղաքական մրցակցությունը և զրոյական գումարով խաղերը միայն կարող են վնասել գործընթացին։ Բայց այսօր գլխավորը բախումները դադարեցնելն ու հրադադարի պայմանավորվածությունների իրականացումն է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում