Մեծ Բրիտանիայի թագավորը հանդես է եկել ավանդական ելույթով

ԴԴիանա Գասպարյան

ԿԱՐԼ 3-ՐԴԸ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐ
Արքայազն Չարլզը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի թագավոր՝ ընդունելով Կարլ III անունը։ Գահաժառանգին միապետ հռչակող փաստաթուղթը ստորագրվել է Լոնդոնի Սենթ-Ջեյմսի պալատում։

Թագավորը հանդես է եկել ավանդական ելույթով, երդվել.

Կարլ III (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր)

«Ես՝ Կարլ Երրորդս, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, ինչպես նաև իմ մյուս տերությունների և տարածքների թագավորս, խոստանում և երդվում եմ, որ կպահպանեմ ճշմարիտ բողոքական կրոնի էությունը, ինչպես սահմանված է Շոտլանդիայում գրված օրենքներով»։

Նա խոստացել է նաև չոտնձգել Շոտլանդիայի պրեսբիտերական եկեղեցու անկախությանը, այլ պաշտապնել այն ցանկացած սպառնալիքից: Արարողության ավարտին Կարլ III-ը ստորագրել է երդման տեքստի երկու օրինակ, որոնցից մեկն ուղարկվելու է Էդինբուրգ։

«Ես գիտեմ՝ ինչ մեծ ժառանգություն է թողել Եղիսաբեթ 2-րդը, և որքան մեծ է պատասխանատվությունը»,- նշել է միապետը։

Նորանշանակ միապետի պատվին Եղիսաբեթ թագուհու մահվան առթիվ իջեցված դրոշները բարձրացվել են: Չարլզ III-ի թագադրումը տեղի կունենա մի քանի ամսից, արարողության ամսաթիվը դեռևս հայտնի չէ։


ԻՐԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՇՀԿ ԱՆԴԱՄ

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է կազմակերպության անդամ երկրի կարգավիճակ ստանալու համար Իրանի պարտավորությունների հուշագրի ստորագրումը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Դա թույլ կտա Թեհրանին միանալ ՇՀԿ-ի հիմնադիր փաստաթղթերին և միջազգային պայմանագրերին: Կմեկնարկի նաև կազմակերպությանը Բելառուսի անդամակցության ընթացակարգը»,- մանրամասնել է Մարիա Զախարովան։

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների հանդիպումը։

ՇՀԿ-ի կարևոր միջոցառումներին, որպես գործընկեր երկրներ, կմասնակցեն նաև Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Կամբոջան, Նեպալը և Շրի Լանկան։


ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑՈՎ ԿԻԵՎՈՒՄ Է

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նախապես չհայտարարված այցով Կիևում է, նրա խոսքով՝ այցն ազդարարում է Ուկրաինային Գերմանիայի շարունակական աջակցությունը՝ ռազմական, մարդասիրական և ֆինանսական։

Լրատվամիջոցները գրում են, որ նախարարը, անվտանգության նկատառումներից ելնելով, Կիև է մեկնել գիշերային գնացքով։ Սա ռազմական գործողությունների մեկնարկից հետո Բերբոքի երկրորդ այցն է Ուկրաինա:

Կիևում նախատեսված է նրա հանդիպումը արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:


ՍԵՐԲԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՌԴ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ

Եվրամիության երկրները՝ Վաշինգտոնի և Անկարայի աջակցությամբ, Սերբիայից պահանջել են ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, հավատացնելով, որ Արևմուտքը կհաղթանակի՝ հայտարարել է Սերբիայի նախագահը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի և ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների խորհրդականների հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ Գերմանիան և Ֆրանսիան Բելգրադից պահանջել են նաև հնարավորինս արագ լուծել «Կոսովոյի խնդիրը»։

Ալեքսանդր Վուչիչը չի մանրամասնել՝ ինչպես է պատասխանել, նրա խոսքով, Սերբիային ուղղված պահանջներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում