Գերմանիան Ուկրաինային ևս 200 միլիոն եվրո լրացուցիչ օգնություն կտրամադրի

ՄՄերի Ներսիսյան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է այն երկրներին, որոնք կհրավիրվեն մասնակցելու Պրահայում հոկտեմբերին կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ The Guardian լրատվամիջոցի հաղորդմամբ՝ առաջիկա գագաթնաժողովի մասնակից երկրների թվում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը:

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Եվրոպական քաղաքական համայնքի ստեղծման գաղափարը, որի ձևաչափը ներառում է փոխգործակցություն այն երկրների հետ, որոնք ձգտում են ԵՄ-ի հետ առավել սերտ փոխգործակցության:

Ավելի վաղ Եվրոպական քաղաքական համայնքի ստեղծման նախաձեռնությամբ հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Գաղափարին իր աջակցությունն է հայտնել նաև Գերմանիայի կանցլերը:

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎՍ 200 ՄԼՆ ԵՎՐՈ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին: Հանդիպումից ժամեր առաջ Գերմանիան հայտարարել է Ուկրաինային ևս 200 միլիոն եվրո լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին: Գումարը նախատեսված է ուկրաինացի տեղահանվածներին օգնելու, հումանիտար հարցեր լուծելու համար՝ նշել է Գերմանիայի զարգացման նախարարը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ իր երկիրը Ուկրաինային զենք կմատակարարի միայն համաձայնեցնելով գործողություններն իր դաշնակիցների հետ: Օլաֆ Շոլցը նշել է, որ Գերմանիան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միասին Կիևին համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է տրամադրում, իսկ Նիդերլանդների հետ՝ հաուբիցներ։

«Մեր բոլոր որոշումները կշռադատված են, մենք հավատարիմ ենք դրանց: Գերմանիայի կողմից միակողմանի քայլեր չեն լինի»,- ընդգծել է կանցլերը:


ԿԱԴԻՐՈՎԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերթական անգամ հայտարարել է, որ կարող է ավարտել իր քաղաքական կարիերան։ Տելեգրամի իր ալիքում նա նշել է, որ բոլոր ղեկավարներից ամենաերկարակյացն է, 15 տարի ղեկավարում է հանրապետությունը: «Մենք արդեն սկսել ենք մտածել այդ մասին և կփորձենք ժամանակին հեռանալ»,- հայտարարել է Չեչնիայի ղեկավարն իր ելույթում:


ԿԱՆԱԴԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցություն Է հայտնել Սասքաչևանի նահանգում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվածների հարազատներին և հայտարարել, որ կառավարությունը հետևում Է իրադրության զարգացմանը և կոչ է արել հետևել պաշտոնական աղբյուրներին:

Կանադայի կենտրոնական Սասքաչևան նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել: Զոհերը հայտնաբերվել են 13 տարբեր վայրերում, այդ թվում՝ Կանադայի հնդկացիների համայնքում՝ Ջեյմս Սմիթում և Ուելդոն գյուղում: Իրավապահ մարմինները հայտնել են, որ հանցագործները դեռ ազատության մեջ են. նրանք փախուստի են դիմել։

Հայտարարվել է հետախուզում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում