Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունները դինամիկ զարգանում են

ԴԴիանա Գասպարյան

ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՊԵԿԻՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ

Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Վան Յին նշել են, որ չնայած բարդ աշխարհաքաղաքական իրադրությանը՝ Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նրանք հանդիպել են Տաշքենդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում:

«Դիվանագետներն ընդգծել են ՇՀԿ առաջատար դերը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության կառուցման գործում, նշել կազմակերպության կառուցողական ներդրումը Եվրասիայում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման ապահովման գործում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

ՀՈՒՍՈՎ ԵՆՔ՝ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ հացահատիկային գործարքի հաջողությունը կարող է վստահության մթնոլորտ ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչը կնպաստի կրակի դադարեցմանը:

Վրաստանի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո նա հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հարթակ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած մակարդակով հանդիպումների համար:

«Հուսով ենք՝ հացահատիկի արտահանմանը ոչինչ չի խանգարի, գործընթացին կհետևի Ստամբուլի համակարգող կենտրոնը»,- նշել է նախարարը:

ԹՈՒՐՔԱԿԱՆ BAYKAR-Ը «ԲԱՅՐԱՔԹԱՐ» ԿՆՎԻՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Թուրքական Baykar ընկերությունը «Բայրաքթար» անօդաչու կնվիրի Ուկրաինային: Լեհաստանում այդ սարքը գնելու և Կիևին փոխանցելու համար հավաքված շուրջ 5 մլն դոլարը կօգտագործվի ռազմական գործողություններից տուժածներին հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով։

Ընկերության տնօրենների խորհուրդը նամակ է հրապարակել, որում ասված է.

«Մենք ցանկանում ենք, որ ուկրաինացիները կարողանան պաշտպանել իրենց հայրենիքը»:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ

Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական բախման՝ հայտարարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը` Կորեական պատերազմի ավարտին նվիրված ելույթում:

«ԱՄՆ-ն սխալմամբ մեր ամենօրյա գործողությունները սադրանք է որակում, սակայն դրան զուգահեռ լայնածավալ համատեղ զորավարժություններ է անցկացնում, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը»,- ասել է Կիմը։

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը կարձագանքեն ցանկացած էսկալացիայի, միջուկային զսպման ուժերը նույնպես կարող են գործի դրվել:

Կիմ Չեն Ընը նաև զգուշացրել է՝ Հարավային Կորեայի բանակը կոչնչացվի Հյուսիսային Կորեայի վրա հարձակվելու դեպքում:

Սեուլն արձագանքել է:

«Մենք կպաշտպանենք մեր ինքնիշխանությունը և ժողովրդին՝ հիմնվելով Միացյալ Նահանգների հետ մեր դաշինքի վրա»,- ասված է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 570 ՄԼՆ ԴԵՊՔ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 570 միլիոն դեպք։ Օրական այդ թիվը գերազանցել է 1 միլիոնը, մահացածների ընդհանուր թիվը հասել է 6 384 000-ի։

Կազմակերպությունից հայտնում են, որ հիվանդացության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում։

Տվյալներ են հաղորդվում նաև կապիկի ծաղիկի տարածման դինամիկայի մասին: ԱՀԿ զեկույցի համաձայն՝ 78 երկրում արձանագրվել է հիվանդության վարակման ավելի քան 18000 դեպք, գլխավորապես՝ Եվրոպայում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում