Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով

ԴԴիանա Գասպարյան

ԱՄՆ-Ը ՉՊԵՏՔ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ

ԱՄՆ վարչակազմը վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձևի շրջանցումը՝ հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Բրեդ Շերմանը:

«Մենք չպետք է որևէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին, որը սանձազերծել է ագրեսիվ պատերազմ: Աջակցությունը, որը մենք տրամադրում ենք, մեծ չէ, բայց կարծում եմ՝ այն դիվանագիտական կարևորություն ունի, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի»,- նշել է կոնգրեսականը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Արցախում մարդասիրական ծրագրերի համար ԱՄՆ-ի օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին հնարավորություն ընձեռվի կրկին ընդգրկվելու «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում:

«Համաշխարհային բանկը Հայաստանին դասել է միջինից բարձր եկամուտ ունեցողների շարքին: Ես կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնենք սարսափելի պատերազմի, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները»,- եզրափակել է Շերմանը:


ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԿԼԻՆԵՆՔ 32 ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻ ՀԵՏ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ

Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարներ Պեկա Հաավիստոն և Անն Լինդեն ՆԱՏՕ-ի 30 երկրների դեսպանների հետ դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ ստորագրել են կառույցին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության մասին արձանագրությունները:
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնան դաշինքի բոլոր պետությունների կողմից փաստաթղթերի վավերացումից հետո:

«Այսօր մենք սկսում ենք վավերացման գործընթացը: ՆԱՏՕ-ի դռները բաց են եվրոպական ժողովրդավար երկրների համար: Սա լավ օր է Ֆինլանդիայի, Շվեդիայի և ՆԱՏՕ-ի համար: Մենք ավելի ուժեղ կլինենք 32 անդամ երկրների հետ»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Նա հավելել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հուլիսի 5-ից համարվում են հրավիրյալ երկրներ և կկարողանան մասնակցել ՆԱՏՕ-ի աշխատանքներին:


ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՏԱՐՎՈՒՄ՝ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՌԴ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՊԵՍԿՈՎ

Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը, այդ թվում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ուժերի հնարավոր տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։

«Համապատասխան տարբերակներ են դիտարկվում ոչ թե Կրեմլում, այլ Պաշտպանության նախարարությունում, արդեն ծրագրեր կան»,- մանրամասնել է Դմիտրի Պեսկովը։

Նա անդրադարձել է Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումներին, որոնք ավելի վաղ դադարեցվել էին Լիտվայի իշխանությունների նախաձեռնությամբ՝ հակառուսական պատժամիջոցների շրջանակում: Պեսկովի խոսքով՝ Կրեմլում այժմ մշակվում են առկա խնդիրները լուծելու տարբերակներ։
ՌԴ նախագահի խոսնակը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մոսկվայի և Պեկինի միջև կանցկացվեն բարձր մակարդակի հանդիպումներ, երբ թույլ տան համավարակային պայմանները։


ԶԵԼԵՆՍԿԻՆ ԵՎ ԱՆԴԵՐՍՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Կիևում հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են ստորագրել:

Փաստաթուղթը վերաբերում է երկկողմ հարաբերությունների առանցքային մի շարք հարցերի, այդ թվում՝ գործակցությանը պաշտպանական և ատոմային էներգետիկայի ոլորտներում:

Առաջնորդները ողջունել են Ուկրաինայում այդ թվում Շվեդիայի աջակցությամբ իրականացվող ականազերծման աշխատանքները, ինչպես նաև Կիևին միջուկային վառելիքի մատակարարման շուրջ գործընկերությունը:


ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ ԷՐ. ՇՈԼՑ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուկրաինական հակամարտության հետևանքները «պատմական մարտահրավեր» է որակել, համոզմունք հայտնել՝ տեսանելի ապագայում դրանք անհնար կլինի հաղթահարել։
«Այս պատերազմը շրջադարձային կետ էր, որը փոխեց ամեն ինչ»,- մտահոգություն է հայտնել կանցլերը։
Նա հայտնել է նաև, որ Կիևի շուրջ զարգացումների բացասական հետևանքներից խուսափելու համար, Գերմանիայի կառավարությունը 30 միլիարդ եվրոյի չափով աջակցության երկու լայնածավալ փաթեթ է ներկայացրել՝ մեղմելու երկրի քաղաքացիների ֆինանսական բեռը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում