Ադրբեջանի ԱԳ նախարարն Իրանում է

ԴԴիանա Գասպարյան

ԿԱՅԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Տեղի է ունեցել Թուրքիայի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Ալեքսանդր Շալենբերգի հանդիպումը։ Դրան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Վստահության մակարդակը բարձրացնող որոշ քայլեր են արվել, ինչպես, օրինակ՝ օդային բեռնափոխադրումների մեկնարկը: Մենք ցանկանում ենք շարունակել այս կառուցողական երկխոսությունը»,- նշել է Չավուշօղլուն՝ հերթական անգամ շեշտելով, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ։

Շնորհակալություն հայտնելով Ավստրիային Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալելու համար, Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ ցանկալի կլիներ հետագա բանակցություններն անցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում:

ԱՄՆ-ն ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԱՔՈՒ-ԵՐԵՎԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և կարծիք հայտնել, որ Վաշինգտոնը կարող է նպաստել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և տնտեսական առաջընթացի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել. կարծում ենք՝ այժմ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման, մարդկանց միջև կապերի հաստատման, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում»,- նշել է Ալիևը։

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեին Ամիր Աբդոլլահիանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ գործակցության մի շարք հարցեր։

Աբդոլլահիանն ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։

«Հակամարտության սկզբից ի վեր Իրանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է նպաստել երկխոսության միջոցով խնդրի լուծմանը։ Կողմերի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է հարգվեն»,- հավելել է Աբդոլլահիանը։

Դիվանագետը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է փորձագետների, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպումը։

Քննարկվել են նաև Արաքս գետի և շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրներին առնչվող հարցեր։

ԵՄ-Ն ԿԻԵՎԻՆ ՄՈՏ 6.2 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ. ԼԱՅԵՆ

Եվրահանձնաժողովը Կիևին առաջարկել է Ուկրաինայի վերականգնման համար միջոցների հավաքագրման հարթակ ստեղծել, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Շվեյցարիայում Ուկրաինային օգնության դոնորների միջազգային համաժողովում։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն մոտ 6,2 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել:

Ուրսուլա ֆոն դեր Լայեն (Եվրահանձնաժողովի ղեկավար) - Երկրի վերականգնման մարտահրավերները ահռելի են, բայց ոչ անհաղթահարելի: Ուկրաինան պետք է ավերակներից հառնի ավելի կանաչ, թվային և կայուն տնտեսությամբ: Դա կլինի այն երկիրը, որի մասին երազում են ուկրաինացիները:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, իր հերթին, նշել է, որ երկրի վերականգնման համար կպահանջվի 750 միլիարդ դոլար։

Դենիս Շմիգալ (Ուկրաինայի վարչապետ) - Ո՞վ պետք է վճարի այդ գումարը: Կարծում ենք՝ Ռուսաստանի և ռուս օլիգարխների բռնագանձված ակտիվները պետք է ծառայեն որպես ֆինանսավորման հիմնական աղբյուր: Տարբեր գնահատականների համաձայն՝ խոսքը 300-500 միլիարդ դոլարի մասին է։

ԶՄԵԻՆԻ ԿՂԶԻՆ ԱՆՑԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Ուկրաինացի զինվորականները Սև ծովի Զմեինի կղզում տեղադրել են երկրի պետական դրոշը. հայտնել են պաշտպանության նախարարությունից։

«Ռազմական գործողությունն ավարտվել է, այժմ տարածքը Ուկրաինայի վերահսկողության տակ է»,- նշել են գերատեսչությունում։

Հունիսի 30-ին ռուսական ուժերը դուրս էին բերվել կղզուց, պաշտոնական Մոսկվայի պնդմամբ՝ որպես բարի կամքի դրսևորում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում