Հայ պատվիրակները ԵԽԽՎ-ում հակադարձել են ադրբեջանական քարոզչությանը և կեղծիքներին

ՄՄերի Ներսիսյան

Ի տարբերություն Բաքվի` Երևանը շարունակում է կատարել իր ստանձնած պարտավորությունները. Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը՝ եվրոպական հարթակից ևս մեկ անգամ հիշեցնելով՝ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել տասնյակ հայ ռազմագերիների:

Էդուարդ Աղաջանյան (ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ)Հայկական կողմն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները, այդ թվում` մենք վերադարձրել ենք բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց՝ առանց նախապայմանների: Հայաստանը ականապատ տարածքների քարտեզներ է ուղարկել Ադրբեջանին՝ հետագա զոհերը կանխելու համար: Մենք դա դիտարկել ենք որպես մարդասիրություն, որը չի կարող և չպետք է դառնա սակարկության առարկա: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է պահել առնվազն 38 հայ ռազմագերու՝ որպես պատանդ, Հայաստանի հետ շարունակվող խաղաղ բանակցությունների ընթացքում քաղաքական առավելություն ստանալու համար:

Աղաջանյանը նկատել է՝ այս սարսափելի վարքագիծն ու գործողությունները կատարվում են Եվրոպայի խորհրդի անդամի կողմից 21-րդ դարում: Ադրբեջանի պատվիրակները, չհամաձայնելով կարծիքներին, փորձել են Հայաստանին ուղղված նոր մեղադրանքներ հնչեցնել: Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արպադարարին մեղադրել է Հայաստանին՝ Ադրբեջանի այսպես կոչված պատմական տարածքների միջև կապը վերականգնելուն խոչընդոտելու համար, մասնավորապես` կոչ անելով բացել «Զանգեզուրի միջանցքը»: Ադրբեջանցի պատվիրակների նման հռետորաբանությունը ագրեսիա է որակել հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ)Ցավալի է, որ պաշտպանության լավագույն միջոցն ինչ-որ մեկի վրա հարձակվելն է: Դուք փաստացի ասում եք՝ մենք միջանցք ենք պահանջում, եթե չտաք՝ կտիրանանք դրան: Սա հասցեական ագրեսիա է, որը վերաբերում է նաև տարածաշրջանի անվտանգությանը: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մենք կողմ ենք բոլոր տեսակի տրանսպորտային և այլ հաղորդակցությունների բացմանը, բայց առանց միջանցքային տրամաբանության, քանի որ դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին:

Հումանիտար խնդիրների ու Ադրբեջանում դեռ պահվող հայ գերիների թեմային է իր ելույթում անդրադարձել Հայաստանի պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը:

Հայկ Մամիջանյան (ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ- Եվրախորհրդարանն ընդունել է 4 փաստաթուղթ, որոնցում կարևորվում են գերիների անհապաղ վերադարձի պահանջը, սոցիալական բնույթի ահաբեկչության անթույլատրելիությունը, ինչպես, օրինակ՝ սաստիկ ձմռան պայմաններում Արցախի ժողովրդին թողնելն էր առանց գազամատակարարման, և որտեղ հստակ մատնանշվում էր 44-օրյա պատերազմի իրական ագրեսորը, սակայն դա որևէ հետևանք չունեցավ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար:

Մամիջանյանն ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման դեպքերին:

«Ոչ ոք չի խոսում այն մասին, որ ԵԽ անդամ պետությունը օկուպացրել է Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը և պարզապես հրաժարվում է դուրս գալ»,- հայտարարել է հայ պատվիրակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում