Լավրովը և Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրագործումը

ԴԴիանա Գասպարյան

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ դիվանագետներն ընդգծել են Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել հարցի շուրջ առարկայական քննարկումը Սերգեյ Լավրովի՝ հունիսի 23-24-ը Բաքու աշխատանքային այցի ընթացքում:


ՄԵՆՔ ԴԵՄ ՉԵՆՔ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ. ՊՈՒՏԻՆ
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հայտին Եվրահանձնաժողովի դրական արձագանքին:

«ԵՄ-ն, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ռազմական կազմակերպություն չէ, ուստի մենք դեմ չենք Միությանն Ուկրաինայի անդամակցությանը: Դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է»,- ասել է Դաշնության նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ընթացքում:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի հատուկ գործողության բոլոր խնդիրները կյանքի կկոչվեն:

«Ուկրաինացի ժողովուրդը տաղանդավոր է, մեծ ներուժ ունի, վաղ թե ուշ այնտեղ իրավիճակը կկարգավորվի, մեր միջև հարաբերությունների բարելավումն անխուսափելի է»,- եզրափակել է Պուտինը:


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ԿՈՐՑՐԵԼ Է ԶԻՆՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՐԵԹԵ ԿԵՍԸ. ԿԱՐՊԵՆԿՈ
Ուկրաինայի զինված ուժերը մարտերի ընթացքում կորցրել են զինտեխնիկայի գրեթե կեսը՝ հայտարարել է պաշտպանության փոխնախարարը։

«Խոսքը միայն ծանր սպառազինության մասին է՝ մոտ 1300 հետևակի մարտական մեքենա, 400 տանկ, 700 հրետանային համակարգ»,- մանրամասնել է Վոլոդիմիր Կարպենկոն:

Նրա խոսքով՝ Արևմուտքի մատակարարումները ծածկում են Ուկրաինայի ռազմական կարիքների ընդամենը 15%-ը։

Ավելի վաղ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ Դոնբասում օրական մինչև 1000 ուկրաինացի զինվոր է զոհվում կամ վիրավորվում։

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԻ ԶՈՀԱԲԵՐԻ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ԿՈՒԼԵԲԱ
Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի որոշ քաղաքական գործիչներ կոչ են անում Կիևին դադարեցնել դիմադրությունը՝ խաղաղության դիմաց, դա անընդունելի է՝ համոզմունք է հայտնել արտգործնախարար Դմիտրո Կուլեբան:

«Ուկրաինան չի զոհաբերի իր ժողովրդին, տարածքը և ինքնիշխանությունը»,- ընդգծել է դիվանագետը:

Կուլեբան հավատացած է, որ համաշխարհային հանրությունն ուղղակի հոգնել է հակամարտությունից և ցանկանում է ապաշրջափակել հացահատիկի արտահանումը և դրա համար պատրաստ է զոհաբերելու Ուկրաինայի անկախությունը։

«Մենք անհամբեր սպասում ենք պատերազմի ավարտին: Սակայն այժմ ստեղծված իրավիճակը դիվանագիտությամբ դադարեցնելու պահը դեռ չի եկել»,- գրել է նա Foreign Affairs ամսագրի համար հոդվածում:

ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՆԱԿԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՀԱՄԱՍ-Ի ԴԻՐՔԵՐԻՆ
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ռազմական դիրքերին՝ հայտնել են զինված ուժերի մամուլի ծառայությունից։

«Գիշերը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրթիռ է արձակել Իսրայելի հարավում խաղաղ բնակիչների ուղղությամբ, սակայն գործել է հակաօդային պաշտպանության համակարգը: Մենք պատասխանել ենք այդ գործողությանը և հարվածել Գազայի հատվածին կործանիչներով և մահաբեր սարքերով»,- ասված է հայտարարության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում