Պուտինը խնդիր չի տեսնում, որ ՏՏ ոլորտի մի շարք ռուսաստանցի մասնագետներ Հայաստան են տեղափոխվել

ԴԴիանա Գասպարյան

ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՊՈՒՏԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ռուսաստանցի մասնագետներ Հայաստան են տեղափոխվել։
«Դե, տեղափոխվել են, թող աշխատեն»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական առաջին համաժողովում:

Այնուամենայնիվ, նա կարծիք է հայտնել, որ ընդհանուր իրավիճակը Մոսկվայի համար որոշակի մարտահրավերներ է ստեղծում։ «Մենք պետք է ավելի լավ պայմաններ ապահովենք», - պարզաբանել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացումը:


ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է, ՈՐ ԿԻԵՎԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՌԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. ՊԵՍԿՈՎ

Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի պահանջները և կգիտակցի՝ ինչ է կատարվում իրականում՝ հայտնել է Դմիտրի Պեսկովը, հավելել՝ խոսքը տարածքային զիջումների մասին չէ։
Նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է նաև, որ Մոսկվան չի ընդունում Ուկրաինայից Աֆրիկա և այլ երկրներ հացահատիկի արտահանումը խոչընդոտելու համար Ռուսաստանին ուղղված մեղադրանքները։
«Հենց Արևմուտքի անօրինական գործողություններն են հանգեցրել նման շրջափակման։ Նրանք պետք է չեղարկեն այն պատժամիջոցները, որոնք խանգարում են նավերով փոխադրումների իրականացմանը, հացահատիկի արտահանմանը»,- մանրամասնել է Պեսկովը։

ԿՈՒԼԵԲԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՐԱԳԱՑՆԵԼ ԿԻԵՎԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ չունի։
«Կիևի համար էմոցիոնալ առումով չափազանց դժվար է Մոսկվայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց մենք պատրաստ ենք կառավարել մեր զգացմունքները, եթե դա կօգնի խաղաղություն հաստատել»,- պարզաբանել է Կուլեբան։

Արտգործնախարարը կոչ է արել Արևմուտքին արագացնել Կիևին ռազմական աջակցությունը, քանի որ հակառակ դեպքում իրավիճակը Դոնբասում ավելի կվատանա։
Նա նշել է նաև, որ Կիևը ողջունում է հակամարտության կարգավորման ցանկացած նախաձեռնություն, որը չի ենթադրում շփման գծերի ստեղծում և տարածքների զիջում։

ԽԵՐՍՈՆՈՒՄ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՏԵՐ ԿԲԱՑՎԵՆ

Խերսոնի ղեկավարությունը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների համար փաստաթղթերի ընդունման կետեր կբացի՝ հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը: Նրա խոսքով՝ դիմումների ընդունումը կսկսվի մոտ ապագայում:
Նախաձեռնությանն անդրադարձել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը:
«Օկուպացված տարածքներում ռուսական անձնագրեր բաժանելու ցանկացած փորձ իրավաբանորեն անիմաստ և անհեռանկարային է: Փոխարենը՝ ուկրաինական անձնագրով հնարավոր է ճամփորդել առանց վիզաների և սահմանների», - նշել է Միխայլո Պոդոլյակը։

ՆԱՏՕ-Ն ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԱՋԱԿՑԵԼ ԿԻԵՎԻՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հնարավոր է, դեռ երկար ժամանակ աջակցություն տրամադրեն Ուկրաինային՝ հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը։

«ՆԱՏՕ-ն պետք է կանխի լարվածության սրացումը։ Եթե այս հակամարտությունը վերաճի դաշինքի և Ռուսաստանի միջև պատերազմի, ավելի մեծ ավերածությունների ականատեսը կդառնանք․կտուժի ողջ Եվրոպան։ Հստակ ասում ենք՝ օգնում ենք Կիևին, բայց չենք մասնակցում պատերազմին», - վստահեցրել է Ենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր ՆԱՏՕ-ի արևելքում զորքերի թիվն ավելացվել է, հասել 40 հազարի։

Գլխավոր քարտուղարը նաև պնդել է, որ Չինաստանը փորձում է վերահսկել Արևմուտքի կարևորագույն ենթակառուցվածքները, օրինակ՝ 5G ցանցերը, որոնք մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի անվտանգության համար։

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԴԵՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ. ՇՈԼՑ

Արևմուտքը դեմ է Ուկրաինայում պարտադրված խաղաղությանը՝ հայտարարել է Օլաֆ Շոլցը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում։

«Ողջ աշխարհի համար շրջադարձային պահ է։ ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չի դառնա։ Նաև պետք է հասկացնենք Պուտինին, որ ուկրաինացիները նրա պայմանները չեն ընդունի, մենք էլ չենք ընդունի»,- զգուշացրել է Գերմանիայի կանցլերը։

Նա հավելել է նաև, որ Բեռլինը աստիճանաբար կհրաժարվի ռուսական էներգակիրներից, իսկ նավթից կախվածությունը հավանաբար հնարավոր կլինի թուլացնել մինչև 2022 թվականի վերջ։

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ՌԴ-ԻՑ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻՑ

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից՝ համոզմունք է հայտնել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Իսրայել կատարած այցի ընթացքում:

«Թուրքիայի և Իսրայելի էներգետիկայի նախարարները առաջիկայում կքննարկեն գործակցության մի շարք հարցեր։ Մենք ասել ենք՝ եթե Իսրայելը ցանկանա գազ տրամադրել Եվրոպային, ապա Թուրքիան կդառնա տնտեսական միակ ճանապարհը», - նշել է նա։

Չավուշօղլուն զգուշացրել է նաև, որ Անկարան ստիպված կլինի նոր գործողություն սկսել Սիրիայում, եթե սահմանային գոտուց Թուրքիային սպառնացող վտանգը մեծանա։
«Ամերիկացիները հավատացնում են, որ հասկանում են մեր մտահոգությունները․ դրանք իրական են»,- հավելել է պաշտոնյան։

ԱՄՆ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ. ԲԱՅԴԵՆ

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև կօգնի ամրապնդել դիրքերը եվրատլանտյան ինտեգրման հարցում․ նման ուղերձով Վրաստանի Անկախության օրվա առթիվ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն է դիմել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Վաշինգտոնը վրաց ժողովրդի կողքին է՝ խաղաղ ապագայի, բարեկեցության և ժողովրդավարական ազատության կառուցման ճանապարհին»,- նշված է Սպիտակ տան ղեկավարի նամակում։
Բայդենը նաև բարձր է գնահատել Վրաստանի ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում