Ուկրաինան անվտանգության լրացուցիչ խոստումներ է ստացել Միացյալ նահանգներից. Կուլեբա

ՄՄերի Ներսիսյան

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են. պատվիրակությունները հանդիպում են ամեն օր՝ էկրանից այն կողմ. տեսակոնֆերանսի ձևաչափով. ձևաչափի ընտրության նպատակը կողմերի ժամանակը խնայելն է, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մեկնաբանությունն է: Նա չի ցանկացել բացել բանակցությունների արդյունքների փակագծերը: «Դրանք լռություն են պահանջում» կարծում է Մեդվեդևը: Իսկ բանակցություններից Մոսկվայի ակնկալիքի մասին Անվտանգության խորհրդի փոխնախագահը հստակ է արտահայտվում:

Դմիտրի Մեդվեդև (ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ)Այս բանակցությունների նպատակը պարզ է՝ ամրագրել ռազմական հատուկ գործողության արդյունքները, մասնավորապես՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, երկրի ապառազմականացումը, նացիստական գաղափարական օրենքների մերժումը:

Բանակցություններից Կիևը ակնկալիքը նույնպես հստակ է՝ պետք է երաշխավորվի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովվի տարածքային ամբողջականությունը։ Վոլոդիմիր Զելենսկին իր ելույթում հստակեցրել է, որ այլ բան Ուկրաինայի ժողովուրդը չի ընդունի:

Վոլոդիմիր Զելենսկի ւկրաինայի նախագահ)Խոսել իմաստալից, շտապ, ազնիվ և հանուն արդյունքի, այլ ոչ թե ժամանակ ձգելու համար, արդեն 16 000 ռուս զինվորական է զոհվել, ինչի՞ համար: Սա ո՞ւմ է ինչ տալիս: Խոսակցությունը պետք է լուրջ լինի, պայմանները պետք է լինեն արդար, քանի որ ուկրաինացի ժողովուրդը պարզապես այլ բան չի ընդունի:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԱՄՆ-ԻՑ

Բանակցությունների ընթացքն ու ոչ միայն՝ ԱՄՆ նախագահի հետ քննարկել են Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Ջո Բայդենը Լեհաստանում հանդիպել է Դմիտրո Կուլեբայի և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինան անվտանգության լրացուցիչ խոստումներ է ստացել Միացյալ նահանգներից՝ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման համար:

Դմիտրո Կուլեբա (ՈՒկրաինայի ԱԳ նախարար)Ջո Բայդենը հաստատեց, որ Միացյալ Նահանգները կլինի Ուկրաինայի կողքին ամեն ինչում, բացարձակապես ամեն ինչում՝ մինչև մեր հաղթանակը: Ոչինչ չի ստիպի ԱՄՆ-ին երես թեքել Ուկրաինայից կամ թուլացնել աջակցությունը մեր երկրին։ Ընդհակառակը, այդ աջակցությունը միայն կաճի։ Մեր ամերիկացի գործընկերների հետ էլ քննարկել ենք մեր գործակցության հստակ ու կոնկրետ քայլերը:

ՌԴ-ԻՆ ԽԻՍՏ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ. ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ

Ուկրաինային Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներով աջակցելու խոստում է տվել Եվրամիությունը: Ռուսաստանին խիստ պատժամիջոցներ են սպասում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը: Խոսելով հատուկ գործողության մասին՝ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է, որ դա լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ամբողջ աշխարհում պարենային անվտանգության վրա։ Նա տեղեկացրել է, որ Եվրամիության երկրների առաջնորդների գագաթնաժողովում որոշվել է այս տարվանից աստիճանաբար նվազեցնել Ռուսաստանից բնական գազի ձեռք բերումը: Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ այդ ուղղությամբ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ «աննախադեպ» գործակցության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՁԵՐ ՋԱՆՔԵՐԻՑ. ԶԵԼԵՆՍԿԻ

Ռուսական գազից հրաժարվելու կոչեր են հնչել այսօր «Դոհա ֆորում»-ի բացման արարողության ժամանակ: Վոլոդիմիր Զելենսկին էներգիա արտադրող երկրներին կոչ է արել ավելացնել արդյունահանումը, որպեսզի Ռուսաստանը չկարողանա օգտագործել իր նավթագազային հարստությունը՝ այլ ազգերին «շանտաժի ենթարկելու» համար: «Եվրոպայի ապագան կախված է ձեր ջանքերից»,-հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը:

Դոհայից արձագանքել են՝ ոչ ոք չի կարող անհապաղ փոխարինել Եվրոպա ռուսական էներգիայի մատակարարումը: Ելույթ ունենալով Դոհայի ֆորումում` Կատարի էներգետիկայի նախարարը նշել է, որ Ռուսաստանից Եվրոպա եկող կապույտ վառելիքի ծավալը չափազանց մեծ է կարճաժամկետ հեռանկարում այն փոխարինելու համար:

Սաադ Ալ Կաաբի (Կատարի էներգետիկայի նախարար)Ռուսաստանից Եվրոպա եկող գազը մի գիշերվա ընթացքում փոխարինելն անհնար է. դրա համար ժամանակ է պետք: 15 միլիարդ խորանարդ մետրը բավական մեծ ծավալ է, և ես կարծում եմ, որ դա փոխարինելու համար Ձեզ շատ խաղացողներ են պետք ամբողջ աշխարհում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում