Զելենսկին առաջարկել է Պուտինի հետ հանդիպել Երուսաղեմում

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ, չեն դադարում դիվանագիտական ջանքերով խնդիրը կարգավորելու ջանքերը։ 

Վերջին զարգացումները քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը մատնանշել է Կիևի ուժայինների կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման բազմաթիվ փաստեր և կոչ արել ազդել Ուկրաինայի իշխանությունների վրա՝ այդ խախտումները դադարեցնելու համար»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

ՌԴ նախագահն իր գործընկերներին մանրամասն պատմել է վերջին օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայացած բանակցությունների մասին:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հաստատել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները շարունակում են բանակցությունները: Դրանք ընթանում են տեսակոնֆերանսի ձևաչափով,- ասել է նա՝ ձեռնպահ մնալով այլ մանրամասներ հայտնելուց:

Գերմանիայի կառավարությունից էլ հայտնել են, որ Շոլցն ու Մակրոնը Պուտինի հետ զրույցում ընդգծել են Ուկրաինայում կրակը դադարեցնելու և դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտությունը: Առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները ուկրաինական խնդրի և Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հայտնի պահանջների իրագործման շուրջ:

Գերմանիայի նախարարների կաբինետից էլ տեղեկացրել են, որ մինչև Պուտինի հետ հեռախոսազրույցը, Օլաֆ Շոլցը կապվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:

Նախօրեին Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Վոլոդիմիր Զելենսկու կոչերին՝ «ավելին անել Ուկրաինայի համար» և երկրում ոչ թռիչքային գոտի սահմանել՝ Էմանուել Մակրոնը հիշեցրել էր՝ Եվրամիությունը հակամարտության կողմ չէ:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Վոլոդիմիր Զելենսկին չի տեսնում ՆԱՏՕ-ի անդամների քաջությունը՝ համախմբվելու հանուն Ուկրաինայի։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաև հատուկ գործողության ընթացքում ուկրաինական կողմի կորուստներին։

«Մեր երկրում զոհվել է մոտ 1300 զինվոր», - ասել է Զելենսկին:

Նա հավելել է, որ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ և Կիևը պատրաստ է դրանք գնել, նույնիսկ՝ ապառիկ։

Խոսելով ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքից՝ Զելենսկին ընդգծել է, որ բանակցողները սկսել են քննարկել կոնկրետ թեմաներ, ոչ թե փոխանակել վերջնագրեր։ Նա հերթական անգամ շեշտել է՝ պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ։

«Ես առաջարկել եմ Իսրայելի վարչապետին Ռուսաստանի հետ բանակցություններն անցկացնել Երուսաղեմում։ Իսրայելը կարող է լինել անվտանգության երաշխավոր երկրների շարքում», - ընդգծել է նա։

Ադրբեջանի նախագահի օգնականն էլ հայտնել է Ռուսաստանի և Կիևի միջև բանակցությունները Բաքվում կազմակերպելու պատրաստակամության մասին։ Հիքմետ Հաջիևի խոսքով՝ առաջարկը հնչեցրել է ուկրաինական կողմը։

ԸՍՏ ՄԱԿ-Ի ՏՎՅԱԼՆԵՐԻ՝ 2.5 ՄԼՆ ՄԱՐԴ Է ԼՔԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՆ

ՄԱԿ-ի տվյալով՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից 2,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գնահատմամբ՝ այդ թիվը կարող է հասնել 4 միլիոնի։

Փախստականները հիմնականում հանգրվանում են Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Ռուսաստանում և Բելառուսում։

ԲԱՅԴԵՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԴՈԼԱՐԱՅԻՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ ՎԱՃԱՌԵԼ ՌԴ-ԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ։ Այդ մասին նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ արգելքը չի վերաբերի ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման նպատակով կցանկանան ՌԴ տարածք տեղափոխել կանխիկ դոլար կամ փոխանցում կատարել ՌԴ տարածքում բնակվող որևէ անհատի:

Կարգելվի նաև Ռուսաստանից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանին մի շարք թանկարժեք ապրանքների մատակարարումը: Սա, Բայդենի խոսքով, Ռուսաստանին 1 մլրդ դոլարի վնաս կհասցնի։

Իր ելույթում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը չեն պատրաստվում Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը։

«Այդ նպատակով մենք 12,000 զինվորական ենք ուղարկել Ռուսաստանի հետ սահման։ Սակայն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմ է նշանակում, հարկավոր է կանխել դա», - ընդգծել է Բայդենը:

ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՆՈՐՎԵԳԻԱ-ՆԱՏՕ, ՆԱՏՕ-ՎՐԱՍՏԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորվեգիայի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի հրամանատարությանը տեղեկացրել է Նորվեգիայի Թագավորության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ մի շարք այլ երկրների զինված ուժերի առաջիկա զորավարժությունների նախնական պլանի մասին:

Զորավարժությունները տեղի կունենան 2022 թ. մարտ-ապրիլ ամիսներին: Կմասնակցի ՆԱՏՕ-ի 28 անդամ պետության և դաշինքի գործընկերներից շուրջ 40 հազար մարդ:

Բացի դրանից, Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 20-25-ը հանրապետության տարածքում կանցկացվեն Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժություններ:

ԲԵԼԱՌՈՒՍԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ

Բելառուսը կես տարով երկարաձգել է հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը: Սահմանափակումները վերաբերում են նաև ԵԱՏՄ անդամ երկրներին: Համապատասխան որոշումն ընդունել է Նախարարների խորհուրդը:

Արգելքը վերաբերում է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, մանրացված հացահատիկի, արևածաղկի սերմի և այլ հացահատիկների ու սերմերի արտահանմանը:

Բացառություն է արվել հումանիտար օգնության և տարանցիկ փոխադրումների համար։

Հացահատիկի արտահանման սահմանափակումները Բելառուսում գործում են անցյալ տարվա օգոստոսի վերջից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում