ԱՄՆ ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը

ԴԴիանա Գասպարյան

ԱՄՆ ՀԴԲ-Ն ԽՈՒԶԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԻ ՏՈՒՆԸ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուեյարի՝ Տեխաս նահանգում գտնվող բնակարանը և նախընտրական շտաբը։ Առգրավվել են մեծ քանակությամբ փաստաթղթեր: Նա կասկածվում է Ադրբեջանի և ամերիկացի որոշ գործարարների հետ հանցավոր կապերի մեջ: Հետաքննությունների դաշնային բյուրոն գործի հետ կապված մանրամասներ դեռևս չի բացահայտել։

Հատկանշական է, որ Տեխասի 28-րդ ընտրատարածքից Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրված Քուեյարը 2005 թվականից եղել է Կոնգրեսում Ադրբեջանի հարցերի հանձնախմբի համանախագահ: Նա բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ:
 
ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ՀԱՍԵԼ Է ԿԻԵՎ

ԱՄՆ լրացուցիչ ռազմական օգնության առաջին խմբաքանակը Ուկրաինայում է։ «Ավելի քան 90 տոննա քաշով բեռը ներառում է սպառազինություն և ռազմամթերք Ուկրաինայի շփման գծի պաշտպանների համար»,- հայտնել են Կիևում ԱՄՆ դեսպանատնից։ Առաջիկա շաբաթներին ամերիկյան ռազմական մատակարարումները Ուկրաինային շարունակվելու են։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի գնահատմամբ՝ Ուկրաինային զենքի մատակարարումները չեն կարող նպաստել Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հավասարակշռությանը։ «Եթե մյուս երկրները պատրաստ են զենք մատակարարելու, մենք չէ, որ պետք է քննադատենք նրանց»,- հավելել է Բերբոքը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան Ուկրաինային մահաբեր զենք չի մատակարարում։ Նրա խոսքով՝ այդ դիրքորոշումը չի փոխվել երկրում իշխանափոխությունից հետո։
 
ԱՄՆ-Ը ԳՐԱՎՈՐ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՌԴ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ

Եվրոպական անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած առաջարկների արձագանքը Միայալ Նահանգները գրավոր ձևով կուղարկի հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։ «Մենք գրավոր կներկայացնենք այն մտահոգությունները, որոնք մենք, մեր դաշնակիցներն ու գործընկերներն ունենք Ռուսաստանի գործողությունների հետ կապված»,- նշել է նա:

Սակիի խոսքով՝ Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների շրջանակում քննարկվում են «թափանցիկության բարձրացումը, ռիսկերի նվազեցումը, սպառազինությունների վերահսկման զարգացումը, վստահության մթնոլորտի ամրապնդումը»։

«Ակնկալում ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նորից կհանդիպեն՝ քննարկումները շարունակելու համար»,- ընդգծել է նա։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հավելել է, որ այս քայլը դիվանագիտական գործընթացի մաս է կազմում։
 
ՆԱՏՕ-Ն ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

ՆԱՏՕ-ն մասշտաբային զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում «Հարրի Թրումեն» ավիակրի մասնակցությամբ, հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիբրին։

Նրա խոսքով՝ զորավարժությունները վաղուց են նախատեսված եղել, սակայն մեկնարկի մասին որոշում կայացնելիս հաշվի է առնվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Զորավարժությունները կմեկնարկեն հունվարի 24-ին և կտևեն մինչև փետրվարի 4-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ մարտի սկզբին Նորվեգիայում տեղի կունենա սառը պատերազմի ավարտից ի վեր ՆԱՏՕ-ի ամենամասշտաբային զորավարժությունները, որոնց կմասնակցի 35 հազար զինվորական 28 երկրից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում