Իրանը 15 օրով միակողմանի փակել է Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը

ԴԴիանա Գասպարյան

ԻՐԱՆԸ 15 ՕՐՈՎ ՓԱԿԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԸ

Իրանը 15 օրով միակողմանի փակել է Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը`կորոնավիրուսի տարածման պատճառով: Իրան կթույլատրվի մուտք գործել միայն կեցության իրավունք ունեցող քաղաքացիներին:

Թուրքիայի Էսենդերեյի քաղաքապետ Դըրբազ Բույուքսուն տարակուսանք է հայտնել իրանական կողմի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն հավանաբար կապված է Ամանորի տոնակատարությունների հետ։ «Իրանը ցանկանում է արգելել իր քաղաքացիներին Նոր տարին Թուրքիայում անցկացնել։ Հուսով եմ՝ այս որոշումը երկար չի տևի, և մեր սահմանները կբացվեն հնարավորինս շուտ»,- հավելել է նա։
 
ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լիարժեք երկխոսությունը կնպաստեր գլոբալ կայունության ապահովմանը և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես արդեն հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոշորագույն միջուկային տերությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն է դրված մոլորակի վրա ռազմավարական անվտանգության ապահովման հարցում»,- նշել Է Լավրովը՝ հավելելով, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում դրական տեղաշարժ կա:

Դեկտեմբերի 23-ին՝ ամենամյա ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ ամերիկյան կողմի հետ անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումները կսկսվեն 2022 թ. սկզբին Ժնևում:

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԱՆՏԵՍԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թուրքիան չի անտեսի Ուկրաինայի հետ հարաբերությունները Կիևի և Մոսկվայի միջև լարվածության ֆոնին։ Չնայած Ռուսաստանի հետ սերտ կապերին՝ խնդրի լուծման համար դիվանագիտություն է անհրաժեշտ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Ռուսաստան-Ուկրաինա և Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը հասել է վտանգավոր կետի։ Նման բարդ հավասարումների լուծման համար մենք անում ենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է մեր ազգային անվտանգության համար»,- ընդգծել է Չավուշօղլուն։
 
ԻՐԱՆԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Թեհրանը պատրաստ է Իրաքի միջնորդությամբ մասնակցել Սաուդյան Արաբիայի հետ լարվածության թուլացմանն ուղղված բանակցությունների հաջորդ փուլին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։

Իրաքցի պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսին Աբդոլահիանը նշել է, որ Թեհրանը պաշտոնական Ռիադին է ներկայացրել գործնական մի շարք առաջարկներ, որոնք դրական են ընկալվել Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից։

Իրանի ԱԳ նախարարը նշել է նաև, որ Սաուդյան Արաբիան վիզաներ է տրամադրել իրանցի երեք դիվանագետի, որոնք երկիրը կներկայացնեն Իսլամական համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում