«Թալիբանը» նոր կառավարություն կձևավորի

ՍՍոնա Աղբալյան

ԱՀՄԱԴ ՄԱՍՈՒԴԸ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Թալիբները հայտարարում են՝ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իրենց վերահսկողության տակ է անցել վերջին նահանգը՝ Փանջշերը:

Փանջշերի դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը, սակայն, ժողովրդին նոր դիմադրության կոչ է արել:

Ահմադ Մասուդ (Փանջշերի դիմադրության առաջնորդ) - Ուր էլ որ լինեք՝ արտասահմանում թե երկրում, մենք կոչ ենք անում համընդհանուր ապստամբություն սկսել մեր հայրենիքի ազատագրման և փառավորման նպատակով: Յուրաքանչյուրդ ապստամբեք, ինչպես կարող եք:

Մասուդը հավելել է, որ եթե դա տեղի չունենա, ապա կա վտանգ, որ Աֆղանստանը կդառնա հետամնաց, խավար և մշակույթ չունեցող երկիր, իսկ քաղաքական ու տնտեսական առումով կմեկուսացվի: Մասուդի խոսքով՝ Փանջշերում վերջին բախումները ցույց են տվել, որ թալիբների կողքին Աֆղանստանի ժողովրդի դեմ կռվում են օտար ուժերը:

Աֆղանական Փանջշերի նահանգի բնակիչների մեծ մասը, նահանգում լարված իրադրության պատճառով, լքել են իրենց տները և բարձրացել լեռներ։

«ԹԱԼԻԲԱՆԸ» ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐԻ

«Թալիբան» իսլամիստական շարժման խոսնակը հայտարարել է, որ կառավարության կազմը շուտով կհրապարակվի, կոնկրետ ժամկետ, սակայն, չի նշել:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հաճույքով կմասնակցի Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարման արարողությանը, եթե այն ներառական լինի:

Սերգեյ Լավրով (ՌԴ արտգործնախարար) - Մենք ցանկանում ենք աջակցել կառավարության ձևավորման գործընթացին, որը կարտացոլի աֆղանական հասարակության ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ թալիբներին և այլ էթնիկ խմբերին, ոչ միայն փուշթուններին, այլև՝ ուզբեկներին, հազարներին, տաջիկներին: Միայն այդպիսի ներառական կառավարությունը կարող է ապահովել կայուն անցում դեպի նոր կյանք: Եթե դրա մասին խոսք լինի, ես կարծում եմ, որ մենք հաճույքով կմասնակցենք նման արարողությանը հրավիրված այլ երկրների հետ, որոնք ազդում են այս երկրում իրավիճակի վրա:

Թալիբների ներկայացուցիչը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանն ասել է, որ թալիբները հրավիրել են Ռուսաստանին, նաև Թուրքիային, Չինաստանին, Իրանին, Պակիստանին և Կատարին` մասնակցելու Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարմանը նվիրված միջոցառմանը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է, որ հրավեր է ստացել և ասել է, որ այս պահին որևէ մեկնաբանություն չունեն այդ միջոցառման կապակցությամբ: Ավելի վաղ «Թալիբանի» խոսնակը հայտնել էր, որ Քաբուլում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են նաև Քաբուլի օդանավակայանի հարցը և Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում