Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ ամփոփիչ զեկույցում

ՍՍոնա Աղբալյան

Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրը ո՛չ ճանաչված է, ո՛չ արժանացած համապատասխան գնահատականի, ո՛չ էլ առավել ևս լուծված,- ասված է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների վարչության զեկույցում: Կառույցն Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի մասին խոսել էր նաև 2020 թվականի բանաձևում, բայց այն Բաքվի իշխանությունն անտեսեց: Իսլանդացի պատգամավորի ներկայացրած զեկույցը վկայում է, որ 2020-ի բանաձևի հիմնական դրույթներին Բաքուն այդպես էլ չանդրադարձավ:

Տորիլդուր Օվարսդոտիր (Եվրապատգամավոր, Իսլանդիա) - Միակ բացառությունը Իլգար Մամեդովի և Ռասուլ Ջաֆարովի մեղադրական դատավճիռների չեղյալ համարելն էր, այն էլ՝ անթույլատրելիորեն ուշացած:

Ադրբեջանի ձախողումը՝ գործակցել ԵԽԽՎ-ի համազեկուցողների հետ և ՄԻԵԴ-ի որոշումներն անտեսելը, Եվրոպայի խորհրդում հիասթափություն է առաջացրել՝ նշված է մեկ այլ հայտարարության մեջ, որ տարածել է Իրավական հարցերի հանձնաժողովը:


ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՉԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի վարքն արժանացել է նաև Նիդերլանդների ուշադրությանը: Երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում կառավարությանը՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդերլանդների հավաքականի հերթական հաղթանակի դեպքում Բաքվում հաջորդ խաղի անցկացման պարագայում զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց:

Հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղում 2020-ի վերջին 40-օրյա (44-օրյա - խմբ.) պատերազմից հետո խախտվել է հրադադարի պայմանագիրը և պատերազմի միջազգային օրենքը, որ Բաքվում պահվում է ավելի քան 200 հայ ռազմագերի, և որ կա նաև «Ռազմական ավարի պուրակ», որը կահավորված է զոհված հայերի սաղավարտներով, նկատի ունենալով նաև քաղաքական-ռազմական իրավիճակն Ադրբեջանում՝ կառավարությանը կոչ է արվում կառավարական պատվիրակություն չուղարկել Բաքու, եթե Նիդերլանդների ազգային հավաքականը մասնակցի ֆուտբոլի մրցույթին Բաքվում:

Օրեր առաջ Նիդերլանդների խորհրդարանը ևս մեկ բանաձև էր ընդունել, որը կոչ է անում Բաքվին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Ի դեպ, այդ կոչին միացել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմամբ հայտնի՝ Նիդերլանդներում գործող Denk կուսակցության՝ երեք պատգամավոր ունեցող խմբակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում