«Հայ ազգային կոնգրեսի» քարոզարշավի առաջին օրը

ՀՀովհաննես Վարդանյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավը մեկնարկեց նախընտրական ծրագրի ներկայացմամբ:

Այն բաղկացած է 8 կետից՝ անվտանգություն, սահմանադրություն, տեխնոլոգիաներ, տնտեսական մեկուսացման վերացում, տնտեսության խրախուսում, ինտեգրացիա, մարդկային կապիտալի զարգացում և արդարադատություն:

Անվտանգության հարցում կուսակցությունն առանձնացրել է երկու հիմնական ուղղություն:

Արման Մուսինյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու («Հայ ազգային կոնգրես» կուսակցություն) - Առաջինը Հայաստանի էապես վնասված ռազմական համակարգն է, որը պետք է կարողանանք այսօրվա բարդ պայմաններում և արագ տեմպերով վերականգնել, երկրորդը Հայաստանի դիվանագիտությունն է, որը, ցավոք, վերջին 23 տարիներին շատ ժամանակավրեպ է դարձել և կարիք ունի լուրջ թարմացման:

«Հայ ազգային կոնգրեսը» խորհրդարանի արտահերթ ընտրությանը հաղթելու դեպքում նախատեսում է առաջիկա երկու տարում վերադառնալ նախագահական կառավարման համակարգին և անցկացնել հանրապետության նախագահի ընտրություն:

Արամ Մանուկյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու («Հայ ազգային կոնգրես» կուսակցություն) - Մինչև 15 թվականի փոփոխությունները մեր Սահմանադրությունը հաղթահարել է բոլոր ճգնաժամները: Հրաժարականը, հոկտեմբերի 27-ը ցնցումներ չառաջացրին: Այսինքն՝ կիսանախագահական համակարգը դուրս եկավ բոլոր փորձություններից հաղթանակած:

Կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման միջոցառումն ընդհատվեց, երբ դահլիճ մտավ «Հայ ազգային կոնգրեսի» առաջին համար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Կուսակցության առաջնորդը ելույթն սկսեց արտահերթ ընտրության վերաբերյալ ներկաների հետ իր կանխազգացմամբ կիսվելով:

Լևոն Տեր-Պետրոսյան, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի 1-ին համար - Առայժմ, իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները;

Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը մերժելու պատճառը:

Լևոն Տեր-Պետրոսյան - Այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, այդ ես չեմ ասում, ինքն է ասել: Ասել է 2009 թ.՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ բնավորություն ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս:

«Հայ ազգային կոնգրեսի» ցուցակի առաջին համարն իր թիմակիցներին հորդորեց քարոզարշավի ընթացքում ընդդիմախոսների հետ չմտնել բանավեճի մեջ և վարել հանգիստ, հանդարտ ու սառնասիրտ քարոզչություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում