Նորաբակի համայնքապետի հավաստմամբ՝ ադրբեջանցիները կրկին առաջ են եկել. ՊՆ-ն հերքում է

ՎՎահե Դավթյան

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները Գեղարքունիքի Նորաբակ համայնքում առաջ են եկել, համայնքի ղեկավարի խոսքով, իրենց հենակետից մոտ 500 մետր: Հասել են հին անասնագոմեր, վրան տեղադրել:

Վազգեն Ասատրյան (Նորաբակի համայնքապետ) - Նախրապաններն են ջոկել, անասնապահներն են ջոկել-ասել՝ դուք ձեր անասուններին էնտեղ էիք արածացնում, հա հա, մեր տարածքներն ա, բա որտեղ, էլ էդ տեղերը չենք կարում գնանք:

Գյուղացիները տեսել են, որ վրան տեղադրելուց հետո երկու միավոր տեխնիկա են բերել՝ ճանապարհ են հարթեցնում: Անասնագոմերի մոտով երեք առվակ է իջնում, միանալով դառնում գետ, անցնում գյուղով, հասնում Սևան:

Վազգեն Ասատրյան - էդ գետում իրանք պալատկա են դրել, գետի դեմը փակել են, լողանում են, էդ գետը իջնում ա մեր գյուղ, հետո թափվում Սևան:

Կութ համայնքում ադրբեջանցիները հենակետերից առաջ չեն եկել, սակայն, գյուղապետի հավաստմամբ, լուսադեմին հեռադիտակով տեսել են, որ թշնամու ստորաբաժանումները տեխնիկայով ճանապարհ են բացում: Համայնքի ղեկավարն ասում է՝ սկզբում աշխատում էր երկու, հետո՝ չորս տեխնիկա:

Սիմա Չիթչյան (Կութի համայնքապետ) - Հետո ենք տեսել՝ որտեղով իրենք գնում-գալիս են, դզել են, ճանապարհ են սարքել, էլի:

Մայիսի կեսերից անասուններին հիմնական արոտավայրեր չեն տանում՝ հենակետերից հաճախ գոռում են, պահանջում դուրս բերել: Հովիվներն ուղիղ նշանառության տակ են, անասուններին ստիպված գյուղում են արածեցնում:

Սիմա Չիթչյան - Վերևները չեն տանում, մեր արոտները որ միշտ տարել ենք իսկական արածեցնելու, չենք տանում:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջին շրջանի ցանկացած աշխատանք հայկական ստորաբաժանումները ժամանակին կանխել են: Գերատեսչությունը նաև հավաստիացնում է՝ ադրբեջանական զինուժի իրականացրած ամրաշինական աշխատանքները նրանց մարտական հենակետերում են՝ առանց ՀՀ սահմանի խախտման:

Հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել, սակայն հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո դադարեցրել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել՝ բացառել նմանատիպ փորձերի կրկնությունը: Ադրբեջանի զինուժը շարունակում է ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ իրենց մարտական հենակետերն են՝ առանց հատելու Հայաստանի սահմանը։

ՊՆ-ի կարծիքով՝ շարժը տեղի բնակչության մտահոգությունն է հարուցում, քանի որ տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա ու Կութ գյուղերից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում