Ֆրանսիան և Գերմանիան ընդունում են անցյալի մեղքերը. Թուրքիան դեռ պատրաստ չէ

ԱԱրթուր Խաչատրյան

Ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն: Եվրոպական առաջադեմ երկու երկիր դա սեփական օրինակով է ապացուցում: Նախ, օրեր առաջ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց երկրի պատասխանատվությունը Ռուանդայում՝ 1994 թվականին թութսիների նկատմամբ իրագործված Ցեղասպանությունում: Ընդամենը մեկ օր անց արդեն Գերմանիան պաշտոնապես հայտարարեց, որ աֆրիկյան մեկ ուրիշ երկրի՝ Նամիբիայի տարածքում 20-րդ դարի սկզբում իր գործողությունները հերերո և նամա ժողովուրդների նկատմամբ Ցեղասպանություն են: Թե ինչու Փարիզը և Բեռլինը որոշեցին նման քայլի գնալ այն դեպքում, երբ գոնե չնչին միջազգային ճնշում չկար, բացատրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ - Ֆրանսիան պատմության հետ առերեսվելու պարտավորություն ունի: Պետք է ընդունել, որ մենք մեծ տառապանք ենք պատճառել Ռուանդայի ժողովրդին՝ երկար ժամանակ լռելով ճշմարտության մասին:

Հատկանշական է, որ Փարիզը մեղքը ճանաչել է ոչ թե Ցեղասպանություն իրագործելու, այլ դրա մասին չբարձրաձայնելու համար: 1994 թվականին Ռուանդայում ազգային պատկանելիության համար մոտ 800 հազար թութսի էր սպանվել. այդ երկրում նրանք ազգային փոքրամասնություն էին:

Նամիբիայի Հերերո և նամա ժողովուրդների պարագայում խոսքը տասնյակ հազարավոր զոհերի մասին է: Դեպքերը տեղի են ունեցել 1904-1908 թվականներին, երբ աֆրիկյան երկիրը Գերմանիայի գաղութն էր:

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի տեղակալ Էդիտա Գզոյանն ընդգծում է՝ Ֆրանսիան և Գերմանիան համարձակվեցին առերեսվել իրենց պատմության սև էջերի հետ, և դա տեղի ունեցավ ոչ պարտադրաբար՝ սեփական կամքով:

Ինչպե՞ս կարող են այս երկու դեպքն ազդել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Գերմանիան և Նամիբիան խնդրի մասին տարիներով են բանակցել: Բեռլինն աֆրիկյան երկրի զարգացման համար կտրամադրի 1,3 միլիարդ դոլար: Սա կարևոր է իբրև նախադեպ՝ ցեղասպանությունների ճանաչման և փոխհատուցման առումով՝ ընդգծում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, հիշեցնում Գերմանիայի մեղքի բաժինը Հայոց ցեղասպանությունում:

Սուրեն Մանուկյան, ցեղասպանագետ - Այս ամբողջ օրինակները մեզ համար կարող են դառնալ շատ կարևոր փաստարկներ՝ այս խնդիրն առաջ տանելու համար:

Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Անկարայից գործող իշխանության պարագայում որևէ քայլ ակնկալելը միամտություն է՝ ընդգծում է Էդիտա Գզոյանը, հավելում՝ անհրաժեշտ է աշխատել Թուրքիայի ներհասարակական տրամադրությունների ուղղությամբ:

Էդիտա Գզոյան, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի տեղակալ - Կայծը, որտեղից պետք է գա ճանաչումը՝ Թուրքիայի հասարակության ներսում է:

Թուրքիայում երկար տարիներ հույս ունեին, որ ինչ-որ փուլում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կդադարի, բայց նույնիսկ մեկ դար անց ճանաչումն ու դատապարտումը շարունակվում են: Միացյալ Նահանգների կողմից բոլոր մակարդակներով Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո գործընթացը փաստացիորեն գագաթնակետին հասավ: Մասնագետների մոտ այժմ ընդհանուր համոզմունք կա՝ ժամանակն է, որ Հայաստանը փոխհատուցման միասնական մոտեցում ձևավորի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում