Սիսիանում թունավորումների պատճառը ջուրն է, ջրի աղտոտման պատճառը՝ առայժմ անհայտ

Երեք հիվանդի այսօր տուն են ճանապարհել, բայց հինգի էլ ընդունել են: Սիսիանի բժշկական կենտրոնում այս պահին թունավորման նշանով 9 քաղաքացի է ստացիոնար բուժում ստանում: Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով քաղաքացիների թիվը Սիսիանում անցել է 440-ը:

Քաղաքացի - Մայիսի 9-ին ենք եկել էստեղ՝ քրոջս տանը հանգստանալու: Գիշերը որ ջրափոխ ենք եղել, անընդհատ ջուր ենք խմել: Որ զարթնեցինք, արդեն փսխումներ ունեինք, լուծ էինք, 3-4 օր էդպես տանը մնացինք: Արդեն որ բալիկները ջերմում էին, լավ չէին, դողում էին, դիմեցինք էստեղ շտապօգնության բաժանմունք: Պառկեցրել են, ստացել ենք անհրաժեշտ բուժօգնությունը:

Բոլոր հիվանդների կլինիկական ախտանշանները նույնն են եղել՝ փսխում, ջերմություն, թուլություն: Դեպքերը սկսել են մայիսի 9-ից: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժինը հենց առաջին օրից ջրի նմուշառումներ է անում:

Ռուբեն Գրիգորյան (ԱՆ ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ) - Բոլոր տեղերում ամսի 11-ին խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆոր մանրէներ, որոնք կարող են հանգեցնել տվյալ հիվանդների նշած ախտանիշներին, այսինքն՝ փսխում, թեթևակի լուծ, թուլություն, որոշակի ջերմություն: Շարունակվել են բակային համայցերը, շարունակվել են խմելու ջրի նմուշառումները՝ ամեն օր:

Մասնագետներն ասում են՝ մայիսի 11-ին Սիսիանի մի հատվածում վթար էր տեղի ունեցել: Իսկ ջրամատակարարումը համայնքում երկու գծով է իրականացվում: Թունավորվածների մեծ մասը հենց այդ՝ վթարված հատվածի բնակիչներ են, բայց մյուս հատվածում նույնպես խմելու ջրի որակը չի համապատասխանել սահմանված նորմերին:

Ռուբեն Գրիգորյան - Ներկայումս Սիսիանի խմելու ջուրն արդեն անվտանգ է, որոշակի՝ 1-2 կետեր են մնացել, տեղային խնդիրներ կարող են լինել: Դրանք չի կարելի վերագրել հիվանդներին, իսկ ներկայումս հիվանդների թվի ավելացումը, կարելի է ասել, պայմանավորված է տվյալ մանրէների գաղտնի շրջանով, որոնք օրգանիզմի վրա կարող են ազդել մի քանի օր հետո ախտանիշներ ցույց տալ:

Հիվանդների թվում և՛ երեխաներ են եղել, և՛ հղիներ ու մեծահասակներ: Մասնագետների խոսքով՝ այս պահին նրանց բոլորի առողջական վիճակը բավարար է:

Անիկ Գրիգորյան (Սիսիանի ԲԿ տնօրեն) - Այժմ ունենք հոսպիտալացված 9 հիվանդ: Մյուսները դուրս են գրվել: Այս 9 հիվանդները նույնպես պատրաստվում են դուրսգրման, որովհետև արդեն վիճակները բավարար է, չունեն ջերմություն: Մյուս հիվանդների վիճակը ևս, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ, բավարար է: 

Թունավորումների պատճառը հստակ է՝ խմելու ջուրը:

Բայց առայժմ հստակ չէ ջրի աղտոտման գործոնը: Դա կպարզեն վարչական վարույթ իրականացնող մարմինները: Հիվանդությունների վերահսկման կենտրոնից ջրի նմուշներն արդեն ուղարկել են աշխատանքի և առողջապահական տեսչական մարմին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում