Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. սենատոր Բոբ Մենենդեսը՝ ԱՄՆ նախագահին

ՀՀայկարամ Նահապետյան

Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դիմել է Սպիտակ տան ղեկավարին՝ կոչ անելով ակտիվորեն սատարել Հայաստանին:

Բոբ Մենենդես (ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ) - Բայդենի վարչակազմից պահանջում եմ սույն հարցով զբաղվել ամենաբարձր մակարդակով՝ հստակեցնելու համար, որ հետագա ագրեսիան ու սպառնալիքները պարզապես անընդունելի են, և Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման թեմայով «Լուրերը» դիմել էր պետքարտուղարություն։ Ամերիկյան արտաքին գերատեսչությունը հղում է արել խոսնակ Նեդ Փրայսի թվիթերյան գրառմանը։ Վերջինս նախօրեին հայտարարել էր, որ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի չհստակեցված հատվածի շուրջ լարվածությանը։

Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Տեղյակ ենք, որ կողմերի միջև շփումներ են ընթանում, և պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակի խաղաղ լիցքաթափման նպատակով:

Միաժամանակ, Շուշիի հայկական ժառանգության նկատմամբ վանդալիզմի հետ կապված՝ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը շեշտել է, որ շարունակում են կողմերին կոչ անել հարգել միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունները։

Նեդ Փրայս - Շարունակում ենք պահանջել, որպեսզի թույլատրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների, ոչ կառավարական կազմակերպությունների և լրագրողների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ կրոնական և մշակութային վայրերին հասցված վնասի մասին պնդումներն անկախ և անկողմնակալ գնահատելու համար:

Պարզաբանումը ստանալուց հետո «Լուրերը» կրկին կապվել է ԱՄՆ պետքարտուղարության հետ՝ հստակեցնելու համար, թե արդյոք երկու կողմերին ուղղված կոչերի փոխարեն կարո՞ղ են ներկայացնել ավելի հասցեական ձևակերպումներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում